Զարմանալի է, բայց մեր երկրում սոցիալական խնդիրների դեմ բողոքը դրսևորվում է անարդարության դեմ բողոքի պրիզմայով
Ուշադրության կենտրոնումՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Զարմանալի է, բայց մեր երկրում սոցիալական խնդիրների դեմ բողոքը դրսևորվում է անարդարության դեմ բողոքի պրիզմայով, և անարդարությունը վերածվում է այն կատալիզատորի, որը արագացնում է վաղվա սոցիալական բունտը: Իսկ որ վերջինս վաղ թե ուշ հասունանալու է, դրանում կասկած լինել չի կարող:
Չի կարող նման երևույթ չպայթել մի երկրում, որտեղ հասարակության կեսը աղքատ է (30 տոկոս ներկայացնող պաշտոնական վիճակագրությունն ինչպես միշտ կեղծում է), իսկ մի խումբ ընտանիքներ՝ գերհարուստ: Չի կարող նման երևույթ չպայթել մի երկրում, որտեղ հարստությունը ստեղծվում է ոչ թե աշխատանքով, այլ կուտակվում է մի նեղ մասի կողմից մնացածներին դրսից բաժին հասած գումարների ձեռքբերմամբ:
Եվ երբ հհկականները խոսում են, որ Հայաստանում սոցիալական պայթյուն չի կարող տեղի ունենալ, նրանք ընդամենը զբաղվում են շամանիզմով՝ «ասեմ այդպես, որ լինի այդպես»:
Իրականում շամանիզմն ավելի լուրջ զբաղմունք է՝ սրանց ոչ հասու: Եվ հոսանքի դեմ պայքարն էլ հենց այն հայելին է, որը ցույց տվեց, որ մեր կյանքի դրվածքի շարունակվելու դեպքում սոցիալական բունտը կդառնա անխուսափելի. մնում է, որ սա ընկալեն այդ մի բուռ հարուստները: