Կառավարությունը շոու է կազմակերպել Գյումրիում. ցինիկ պատասխան եմ ստացել. Նաիրա Զոհրաբյան
ՔաղաքականությունԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պահանջում է, որ Կառավարությունը վերջապես լուծում տա Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի 26-րդ բազմաբնակարանային վթարային շենքի բնակիչների հարցին:
«Կառավարությունից ստացել եմ ցինիկ եւ կոռեկտության բոլոր սահմանները խախտող պատասխան, որն արհամարհանք է մեր գյումրեցիների եւ բնակիչների նկատմամբ: Աղետալի վիճակի պատճառով այդ շենքում ընդամենը 10 ընտանիք է ապրում, եթե հնարավոր չէ մարդկանց բնակարանով ապահովել, գոնե պետք է վարձակալության գումարը հատկացնել: Գյումրիում տների վարձերն ընդամենը 20-30 հազար դրամ են: Կառավարությունից ինձ պատասխանում են, որ պետբյուջեով այդ աշխատանքների իրականացման համար միջոցներ նախատեսված չեն եւ լուծում տալ չեն կարող»,- այսօր` փետրվարի 8-ին, խորհրդարանում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Խմբակցության ղեկավարի գնահատմամբ` Կառավարության կողմից օրերս շոու եւ թատերական ներկայացում է կազմակերպվել Գյումրիում, մինչդեռ գոնե վարձակալության գումար չի կարողանում հատկացնել այդ ընտանիքներին:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հակադարձեց` Կառավարությունը շոուներով չի զբաղվում. «Խնդրում եմ հարգալից վերաբերվել միմյանց: Հասկանում ենք, որ նախընտրական շրջան է»: