Պերուի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին (Ֆոտո)
Ուշադրության կենտրոնումՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մայիսի 12-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության շնորհիվ առաջիկա տարիներին հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկու երկրների փոխշահավետ գործակցությանը: Նախագահն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների՝ այդ թվում Պերուի հետ հասցրել է ձեւավորել շատ ջերմ եւ ամուր հարաբերություններ, որոնց նպաստել է նաեւ այդ երկրների հյուրընկալ վերաբերմունքը նախորդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ Լատինական Ամերիկայում ապաստան գտած հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ:
Դեսպան Արտեագան շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար եւ վստահեցրել, որ մեծ ջանասիրությամբ է աշխատելու հայ-պերուական երկկողմ հարաբերությունների բարելավման եւ զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Պերուի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը կարեւոր հանգրվան է երկու երկրների բարեկամական կապերի վերաիմաստավորման եւ ամրապնդման համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-պերուական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների եւ զարգացումների շուրջ:
b