Սահմանադրության այս նախագծում անվտանգության և պաշտպանության համակարգը ավելի կայուն և արդյունավետ է. սահմանադրագետ
ՔաղաքականությունTert.am-ը գրում է .
Մենք երբեք չենք մտածել, որ այդ նախագիծը կատարյալ է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրության 1-7 գլուխներին վերաբերող նախագծին:
Նա նշեց, որ մաս-մաս հրապարակելու նպատակն այն է, որ հանրությունը հնարավորինս շուտ տեղեկանա այդ փոփոխությունների մասին, և եթե ցանկություն կա՝ քննարկի, օգնի բարելավել այդ տեքստը:
Ինչ վերաբերում է Զինված ուժերի վերաբերյալ դրույթներին, ապա Վարդան Պողոսյանն ասաց. «Նախագիծը սահմանել է, որ խաղաղ ժամանակ Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության տակ, իսկ անմիջական ղեկավարությունը իրականացնում է պաշտպանության նախարարը»։
Նա նշեց, որ պատերազմական իրավիճակում հրամանատարությունն անցնում է վարչապետին և վարչապետն իրավունք ունի նշանակել զինված ուժերի հրամանատար:
Ըստ սահմանադրագետի՝ Սահմանադրության այս նախագծում անվտանգության և պաշտպանության համակարգն ավելի կայուն և արդյունավետ է, քան այն համակարգը, որ գործում է ներկայիս Սահմանադրությունում:
Նա նշեց, որ ըստ այս նախագծի՝ այն քաղաքական ուժը, որը ձևավորել է գործադիր իշխանությունը, նա էլ պատասխանատու է անվտանգության հարցում: