Նաիրիտցիների աշխատավարձերի մարումը՝ 2-3 օրից
BlogԱրման Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվս երկու-երեք օր ու նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը կմարվի: Այս օրերին նաիրիտցիներն անհանգստություն են հայտնում, թե իրենց տրված խոստումները կարող են օդում մնալ, սակայն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր ևս մեկ անգամ վերահաստատել է պարտքերի մարման մասին խոստումը:
Ինչպես հայտնի է՝ գործընթացքը կարող էր մեկնարկել օրեր առաջ: Կառավարությունն առաջարկել էր փուլերով մարել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների պարտքը:
Ըստ այդ առաջարկի՝ սկզբում կմարվեին այն նաիրիտցիների պարտքերը, որոնք պարտքի չափի վերաբերյալ առարկություն կամ փաստաթղթերի հետ խնդիրներ չունեին: Նաիրիտցիները, սակայն, նախընտրեցին սպասել ևս մի քանի օր, որպեսզի բոլորը միաժամանակ ստանան գումարները:
Ի պատասխան նաիրիտցիների հայտարարությունների, որ եթե իրենց պարտքը չմարվի մինչև ամսվա վերջ, ապա կդիմեն ծայրահեղ քայլերի, Երվանդ Զախարյանը հայտարարել է. «Աշխատավարձերը կսկսենք բաժանել արդեն մի քանի օրից: Նաիրիտցիներն անհանգստանալու առիթ չունեն»: