Բելգիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձեւը կքվեարկի հուլիսի 23-ին
ՔաղաքականությունԲելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, ավարտվել է: Բանաձեւի քվեարկությունը կկայանա հուլիսի 23-ին: Այս մասին հաղորդում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը:
Քննարկման ընթացքում պատգամավորները նշել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: Պատգամավոր Ժան Պենրիսը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Ջորջ Դեմելանժը հայտարարել է, որ «թուրքերը սպանում էին քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներին՝ միատարր պետություն ստեղծելու համար»:
Լսումների ընթացքում նաեւ քննադատություն է հնչել Բելգիայի ԱԳՆ-ի հասցեին, քանի որ այն ներկայացուցիչներ չի ուղարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հուլիսի 18-ին Ներկայացուցիչ պալատում կառավարության անունից ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: «Կարծում եմ, որ 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել է Օսմանյան կայսրության վերջին կառավարությունը, պետք է որակվեն որպես ցեղասպանությունը»,- ասել էր Շառլ Միշելը:
Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը 1998 թվականին արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ համապատասխան բանաձեւ ընդունելով: