Նախագահն այցելել է ԵԿՄ «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական եւ հանգստի համալիր (Ֆոտո)
ՔաղաքականությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական եւ հանգստի համալիրում:
Հանրապետության նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ:
Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից եւ պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետեւել տարբեր լսարաններում անցկացվող դասընթացներին: Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել ճամբարի տարածքում տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:
Համալիրի պատասխանատուները նախագահին զեկուցել են, որ 2017 թվականին եռասերունդ երկրապահի ճամբարն ընդունել է 14 հերթափոխ՝ յուրաքանչյուրում 450 պատանի երկրապահ, 50 երիտասարդ, 30 ավագ սերնդի երկրապահ, գործընկեր կառույցների մասնագետներ եւ այլ մասնակիցներ։ Ճամբարային գործընթացում ներգրավված են մասնակիցներ Երեւանի բոլոր վարչական շրջաններից, Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:
Հանրապետության նախագահն այսօր երեկոյան Կոտայքի մարզում կայցելի նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:



