Նաիրիտցիները նոր «խաղ» են սկսել
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պարտքերը մարված են: Այս մասով նրանք պահանջ չունեն, բայց պահանջներ ունեն այլ հարցերի շուրջ: Աշխատակիցներն այսօր հայտարարեցին. քանի որ աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացն ավարտված է, մենք կդիմենք դատարան՝ շանտաժի փաստով, քանի որ մեզ ստիպել են տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին փաստաթուղթ ստորագրել:
Հարց. ինչո՞ւ նաիրիտցիները ստորագրեցին այդ փաստաթղթերը, եթե չէին ցանկանում հրաժարվել տույժ ու տուգանքներից, և եթե նրանց իսկապես շանտաժ են արել, ապա ինչո՞ւ դրա մասին ավելի վաղ չբարձրաձայնեցին, երթեր ու ցույցեր չարեցին փողոցներում ու պետական կառույցների մոտ:
Մի կարևոր հարց էլ, եթե նաիրիտցիները դժգոհ են, որ իրենց պարտքերը մարվել են հենց պետբյուջեից, ապա ինչո՞ւ ընդունեցին այդ գումարները:
Նախկինում, կարծես թե նման հարցեր չէին առաջանում նաիրիտցիների շրջանում, երբ նրանք իշխանություններից պահանջում էին լուծում գտնել իրենց խնդրի համար: Եթե գործարանի նախկին աշխատակիցները դեմ էին աշխատավարձի մարման այս տարբերակին, ապա ինչու էին ամիսներ շարունակ հավաքվում նախագահական նստավայրի, կամ էլ կառավարության շենքի դիմաց:
Հասկանալի է նաիրիտցիների պայքարը գործարանի վերագործարկման համար. մարդիկ տարիներ շարունակ աշխատել են իրենց մասնագիտությամբ, ու, ինչպես իրենցից շատերն են նշում, անգամ աշխատավարձի ուշացման դեպքում չեն հեռացել ոչ գործարանից, ոչ էլ երկրից: Նաիրիտցիների քայլերը, սակայն, անհասկանալի են դառնում, նրանք մի կողմից նշում են, որ ի տարբերություն «Արմավիայի» աշխատակիցների, իրենց բախտը բերել է, մյուս կողմից թույլ չեն տալիս, որպեսզի հերթը հասնի նաև այդ մարդկանց խնդիրների լուծմանը: