Ի՞նչ չի փոխի սահմանադրության փոփոխությունը
Ուշադրության կենտրոնումՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատերի մոտ առաջին հարցը կամ արձագանքը սահմանադրության փոփոխության նկատմամբ հետևյալն է. «Դրանից ի՞նչ է փոխվելու»: Մարդկանց կենցաղում և առօրեական հարաբերություններում՝ ոչինչ, բայց քաղաքացու՝ պետության և այլ քաղաքացիների հետ քաղաքական և իրավական հարաբերություններում՝ շատ բան:
Իհարկե, սահմանադրական փոփոխություններով չեն լուծվելու մեր երկրի գլխավոր չարիքները՝ կոռուպցիան, հովանավորչությունը, չեն վերանալու գործող մենաշնորհները, դատարաններն ավելի լավ չեն աշխատելու, «ծանոթ-բարեկամի» ինստիտուտն էլ չի դադարելու հաճախ լինել միակը՝ սովորական որևէ խնդիր լուծելու համար:
Բայց սահմանադրության այս փոփոխությունը նման նպատակներ չի էլ հետապնդում, իսկ երկրի զարգացման հնարավորությունները սահմանափակող այդ երևույթները խոր արմատներ ունեն մեր մտքում և վարքում: Ո՞վ չի ցանկանում, որ իր բարեկամը դառնա համայնքի ղեկավար կամ պատգամավոր, որպեսզի «մի բան էլ իրեն բաժին հասնի, մի գործ տա, մի գործի դնի»... Այստեղից էլ, նորից, հովանավորչություն, հանուն հարստության օրենքների խախտում և այլն:
Սա գալիս է երկրի ու հասարակության ռեսուրսների սակավությունից (ինչքան քիչ են ռեսուրսները, այդքան ավելի կատաղի է դրանց համար տարվող պայքարը), մեր այսօրվա արժեքներից և մեր հարազատ բարդույթներից: Բայց այս ամենի հետ ո՛չ հին, ո՛չ էլ նոր սահմանադրությունը կապ չունեն: