«Իշխանական հեղափոխականները» կամ made in ՀՀԿ
Անահիտ Ամատունին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաղրամյան պողոտայում մի քանի օր տևած պայքարի հիմնական նպատակը, ինչպես հիշում ենք էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հարցն էր: Ինչ խոսք. այդ ճանապարհին ունեցանք որոշակի հաղթանակներ: Չենք մոռանա երբեք այն միասնականությունն ու պայքարի ոգին, որը ցավոք այդպես էլ մնաց Բաղրամյան պողոտայում:
Արդեն երկար ժամանակ է հետևում եմ Հանրապետության հրապակում անցկացվող ցույցերին: «Ոտքի Հայաստան» շարժման գործողությունները. փաստացի, պետք է լինեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերի տրամաբանական շարունակությունը, բայց...
Ի՞նչ է հիմա կատարվում: Իշխանությունները պատրաստվում են աշնանային չարեփոխումներին և մշակում են իրենց վերարտադրման հերթական խճճող մեխանիզմը: Միևնույն ժամանակ Հանրապետության հրապարակում մեկնարկել է մի նախաձեռնություն, որը օրը մեջ փոխում է իր պահանջը. մի օր պայքարում ենք հոսանքի սակագնի իջեցման համար, մի օր պայքարում ենք բիբինների ու նրանց հովանավորների դեմ, մի օր էլ պահանջում ենք ինչ որ մեկի հրաժարականը, իսկ թե ու՞մ` կախված է օրվա տրամադրությունից:
Իրականում քանի մենք զբաղված ենք օդում ջուր ցանելով ու բանծիկով թիթեռ նկարելով, ռեժիմն իրագործում է իր բոլոր ծրագրերը:
Պարզապես «Ոտքի Հայաստան» շարժման կազմակերպիչներից մի երկուսը իշխանության կողմից բանեցվող ծաղրածուներ են: Սանասարյանի նման կրկեսային պրոեկտներով իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը սահմանադրական բարեփոխումներից:
Փառք տիրոջը, որ գոնե «իշխանական հեղափոխականների» հետևից գնացողների թիվն անհամեմատ քիչ է: