Քոչարյանի քննադատները պետք է մի քանի օր դադար վերցնեն
BlogԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին նյութեր հանդիպեցի լրահոսում: Հին տեսանյութ է պտտվում, Վիքիլիքսի բացահայտումներ են շրջանառում: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում խոսվում է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին:
Ռոբերտ Քոչարյանն այսօր չի վերադառնալու, որ պարոն Սարգսյանը որոշեր առանց րոպե կորցնելու իր վերլուծությունը հանձներ հանրության դատին, բացահայտեր, թե ինչ պայմանավորվածության են եկել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ով է ընդդիմության տեսանկյունից ամենախոցելի թեկնածուն և այլն:
Իհարկե, լրագրողը կամ քաղաքական գործիչը ինքն է որոշում ինչ և երբ հրապարակի, բայց երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Ռոբերտ Քոչարյանի մայրը: Մարդը, անկասկած, սգի մեջ է: Անկախ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքից, անկախ այն հանգամանքից՝ նա լավ քաղաքական գործիչ է, թե՝ վատ, գո՞հ ենք նրա ղեկավարած տարիներից, թե՝ ոչ, պետք է հարգել մարդու վիշտն ու գոնե մի քանի օր դադար տալ նրա մասին բացասական հրապարակումներին:
Կարծում եմ՝ սարսափելի ոչինչ չի պատահի, եթե մի քանի օր ուշ ներկայացվեն արդեն վաղուց շրջանառված տեղեկությունները, կամ էլ նրան վերաբերող վերլուծությունները: