Հայկ Մարությանը երդվեց գործել ի բարօրություն Երևանի բնակիչների
ՔաղաքականությունԵրևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
Հանդիսավոր նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Համաձայն Երևանի ավագանու կանոնակարգի 124-րդ կետի՝ նիստը վարում էր ավագանու ավագ անդամ Լիլիթ Պիպոյանը: Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

