Սեյրան Օհանյան. ԵԱՀԿ ԽՄ համանախագահների կազմում փոփոխություններ չպետք է լինեն
ՔաղաքականությունԹեեւ մենք գտնվում ենք ոչ պատերազմի, ոչ խաղաղության վիճակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, որը աշխատել եւ այժմ էլ աշխատում է, պետք է պահպանվի։ Այս մասին օգոստոսի 21-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Ֆրանսիական համալսարանի ուսանողուհու հարցին՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը նպաստում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանը։
«Ես դրական եմ վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ հասկանալով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարող լինել սեղմ ժամկետներում»,- նշել է Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, թե ԵԱՀԿ Մնսկի խումբը նպաստել է հակամարտության կողմերի միջեւ հարաբերական խաղաղության պահպանմանը։ «Մենք չենք կարծում, թե պետք է փոփոխություններ լինեն համանախագահների ցանկում։ Իհարկե, այսօր նկատվում է ԵԱՀԿ ՄԽ քաղաքական պոտենցիալի որոշակի նվազում։ Ես նկատի ունեմ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ Ռուսաստանի տարաձայնությունները, սակայն դա չի խանգարում միջնորդական գործունեության մեջ նրանց արդյունավետ աշխատանքին»,- ամփոփել է Օհանյանը։