Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի վերջնական գնահատականը կհրապարակվի հոկտեմբերի վերջին
ՔաղաքականությունՀայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի վերջնական գնահատականը կհրապարակվի հոկտեմբերի վերջին: Այդ մասին օգոստոսի 25 –ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը (Ավստրիա):
Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը դեռեւս քննարկումների փուլում է: «Վենետիկի հանձնաժողովի վերջնական գնահատականը կտրվի սեպտեմբերի կեսին եւ կընդունվի Հանձնաժողովի լիագումար նիստին, մոտավորապես հոկտեմբերի 26-28-ի ընթացքում»,-նշել է Քրիստոֆ Գրաբենվարտերը:
Այն հարցին, թե Սահմանադրության բարեփոխումները կնպաստե՞ն արդյոք երկրի ժողովրդավարացմանը, Վենետիկի հանձնաժողովի անդամը պատասխանել է. «Խնդիրն այն է, որ ժողովրդավարությունն անհնար է չափել: Փոփոխություններ կան, որոնք դրական ուղղությամբ են ընթանում, փոփոխություններ էլ կան, որոնց վերաբերյալ մենք լավագույն փորձառության չենք հասել»: Քրիստոֆ Գրաբենվարտերը հավելել է, որ իրավաբանները հաշվել չեն կարողանում: «Ես հաշվիչ չունեմ, որպեսզի հաշվեմ, թե սահմանադրական բարեփոխումները որքանով են համապատասխանում ժողովրդավարության զարգացմանը: Դա պիտի քաղաքական արդյունք լինի»,-ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի անդամը: