ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե մարտադաշտում, այլ բանակցային սեղանի շուրջ. Ջեյմս Ուորլիքի բացառիկ զրույցը
Ուշադրության կենտրոնումՀայ-ադրբեջանական սահմանին վերջին 4 օրերի լարված իրավիճակն ու հատկապես խաղաղ քաղաքացիների վիրավորումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բնորոշում է մտահոգիչ եւ շեշտում է, որ համանախագահները խիստ ձեւով կոչ են անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները` թույլ չտալու փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում համանախագահը շեշտում է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք հակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ, և ոչ մարտադաշտում:
«Մենք ծայրաստիճան անհանգստացած ենք զինված ուժերի կողմից քաղաքացիական տարածքները թիրախավորելու մասին հաղորդումներով: Մենք հնարավորինս խիստ ձևով կոչ ենք անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները՝ թույլ չտալու փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում:
Հայաստանի և Ադրբեջանի ուժերը քաղաքացիական կյանքեր պաշտպանելու մարդասիրական պարտավորություն ունեն:
Ինչպես նախկինում ընդգծել ենք, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները պետք էքաղաքական կամք հանդես բերեն հակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ և ոչ մարտադաշտում»,- ասաց Ուորլիքը: