Պատերազմը չի ավարտվել, որ մի հատ էլ՝ վերսկսվի...
BlogԱրմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս մի քանի օրը, կարծում եմ՝ բավականին անհրաժեշտ զորավարժությունների մասին (ինչո՞ւ եմ անհրաժեշտ համարում, մի առիթով կարտահայտվեմ) լրահոսը զուգահեռվում է միանգամայն իրական սահմանային լարվածության վերաբերյալ տեղեկություններով: Մեր խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ, հրետակոծություն, վիրավորների, ցավոք նաև՝ զոհերի մասին տվյալներ: Ու ծայր են առել բազմապիսի դատողություններ՝ «վա՜յ, պատերազմի վերսկսման վտանգ կա» թեմայով:
Չէ, ես հասկանում եմ, իհարկե, որ լուրջ վերլուծաբաններն այդ արտահայտության տակ նկատի ունեն այսպես ասեմ՝ «ակտիվ ռազմական գործողությունները», մասնավորապես զինված ուժերի և ռազմատեխնիկայի շատ առավել լայն ընդգրկմամբ ու կիրառությամբ: Բայց ինքս, օրինակ, կարծում եմ, որ «պատերազմի վերսկսման վտանգ» արդեն չկա: Իսկ չկա երկու պարզ պատճառով. նախ՝ պատերազմը չի էլ ավարտվել, որ վերսկսվի: Եվ երկրորդ՝ այն արդեն անցյալ տարվա հունվարից, առավել ևս՝ օգոստոսից կարելի է վերսկսված համարել (դրա նաև «մասնագիտական» ընկալմամբ):
Այսինքն, իմ կարճ խելքով ես այնպես եմ կարծում, որ պետք է ոչ թե խորանալ պատերազմի վերսկսման-չվերսկսման ոչինչ չտվող դատողությունների մեջ, իրար ինչ-որ բաներ համոզել, այլ առաջնորդվել գիտակցությամբ, որ պատերազմը չի ավարտվել: Հետևաբար, կարծում եմ, ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ՝ հաղթանակի համար մոտեցումը պետք է լինի տիրապետողը մեր բոլոր գործողություններում: Մեր ռեսուրսները միավորելու և համախմբվելու քայլերը պիտի առաջնային լինեն: Ամեն օր: Մինչև հաղթանակ, եթե կուզեք, նաև՝ հաղթանակից հետո: