Հակառակորդի սուտ քարոզչությանն անհրաժեշտ է հակազդել հստակ փաստարկներով
BlogՌուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հաղորդվում է, որ օրեր առաջ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աստանայում անցկացվող թյուրքախոս պետությունների վեհաժողովում, կրկին բարբաջել է հայկական Արցախն «ազատագրելու» իր ցնորքի մասին: Նաև խոսել է արդեն Սյունիքի վերաբերյալ՝ համարելով, որ խորհրդային իշխանությունը, Սյունիքը «տալով» Հայաստանին, կտրել է իրարից թյուրքախոս եղբայր-պետություններին: Եվ այս ամենը՝ Ղազախստանի ու Ղրղզստանի թյուրք նախագահների՝ իբր մեր «եվրասիական դաշնակիցների» լուռ համաձայնության ներքո:
Մեր դիվանագիտական զինանոցում առկա է մի ուժեղ պատմական փաստարկ, որը մինչ այժմ այդպես էլ մենք չենք օգտագործել: Դա Նախիջևանի՝ որպես Հայաստանի Հանրապետության օրինական տարածքի՝ 1920-ականների սկզբին կովկասյան թաթարների նորաստեղծ «հանրապետությանը» հանձնելու տխուր պատմությունն է: Ադրբեջանի վայրահաչոցները վաղուց էր պետք զսպել՝ փաստարկված ներկայացնելով այդ իրողությունը: Ինչո՞ւ ենք լռել մինչև հիմա: Որովհետև այդ հարցի բարձրացումը սերտորեն առնչվում է Հայաստանի «հավերժ հովանավորի»՝ Ռուսաստանի հետ:
Իսկ իրականությունն այն է, որ, փորձելով վերացնել հայկական անկախ պետականությունը, ռուս-թուրքական ռազմական կոալիցիան 1920 թ. հունիս-հուլիս ամիսներին համատեղ գործողությունով օկուպացրեց Նախիջևանի մարզի տարածքը: Հետո արդեն 1921 թ. Մոսկվայի պայմանագրով Հայաստանի Հանրապետության այդ երկրամասը նվիրաբերվեց Ադրբեջանին: