Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանել գրավոր հարցերը. Նաիրա Զոհրաբյան
ՔաղաքականությունԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանել գրավոր հարցերը: ԱԺ նիստում պատգամավորը նշեց, որ հարցուպատասխանի ժամանակ պետք է հնչեն բացառապես հանրությանը հուզող բանավոր հարցեր: «Հակառակ դեպ քում, մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հնչեցնում են իրենց գրավոր հարցերը, որոնց պատասխանները նրանք կառավարությունից արդեն իսկ ստացել են, իսկ բանավոր հարցերի համար ժամանակ չի մնում: Պատգամավորները նամակ են գրում կառավարությանը և հարցնում՝ տերևը կանա՞չ է, կառավարությունից պատասխանում են, որ, այո, կանաչ է: Դրանից հետո հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները կրկին կառավարությանը հարցնում են տերևի կանաչ լինելու մասին, իսկ կառավարությունը վերահաստատում է տերևի կանաչ լինելը»,- կատակեց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հանել գրավոր հարցերը: «Մարդիկ, ովքեր վատ են հասկացել կառավարության պատասխանն իրենց գրավոր հարցին, կարող են առանձին մոտենալ նախարարին և լրացուցիչ պարզաբանում ստանալ, ոչ թե հարցուպատասխանի ժամանակ սպառեն ժամանակը և թույլ չտան, որ հանրությանը հուզող հարցերը հնչեն»,- ընդգծեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի առաջարկին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Հարգելի գործընկերներ, տերևի կանաչ լինելու մասին հարցեր մի տվեք»: