Արդար ու արդյունավետ կառավարման ճգժանամը․ ի՞նչ չի հասկանում Փաշինյանը
ՎերլուծությունՆիկոլ Փաշինյանի օրերս տեղի ունեցած մարզային այցը դարձյալ զերծ չմնաց աղմկահարույց հայտարարությունից ու հանրության դժգոհության ալիքից, որ չի հանդարտվում մինչ օրս։ Վարչապետը համառորեն ցանկանում է «անհասկացող» ժողովրդին հասկացնել, որ եթե մի շիշ օղի քիչ խմի, մի տուփ սիգարետ քիչ ծխի ու այդ խնայված գումարներով հարկեր վճարի, ապա դա մեր երկրի զարգացմանը կնպաստի, մեր ճանապարհները կասֆալտապատվեն։ Մի դեպքում էլ թմբկահարում է ՀԴՄ կտրոնները պահանջելու կարևորությունը, որ դա զինվորի հացից է գողացվում, մեկ այլ դեպքում մեկ այլ օրինակ է բերում՝ հարկերը վճարելու, մեկ այլ սրտաճմլիկ հիմնավորումով։ Մի կողմ թողնենք, թե ինչ չի հասկանում հասարակ քաղաքացին, դա կասեմ վերջում, դիտարկենք, թե ինչ չի հասկանում Փաշինյանը, երբ նրան շարունակաբար ու համառորեն դա բացատրվում է։
Մենք տևական ժամանակ զրկված ենք եղել անկախ պետականությունից, մեր երկիրը մասերի բաժանված է եղել ու ամեն մեկը մի աշխարհակալ պետության ձեռքից մյուսին անցել։ Մենք հարկը համարել ենք, որ տալիս ենք օտարին, մերը նա է, որ տանը մնացել է, կամ օտարից թաքցրել ենք։ Մերը մեր տունն է, իսկ դռնից այն կողմ օտարինն է։ Այդ հոգեբանությունը մեզանում ձևավորվել է հարյուրամյակներով։ Այսօր էլ դեռ իներցիայով մեր տունը մեր ամրոցն է, իսկ տանից դուրս մերը չէ։ Հարցը միայն այն չէ, որ մենք զլանում ենք մինչև մեր տուն հասնող տարածքը մաքրել, կամ այն, որ զլանում ենք դրա համար վճարել, որ ուրիշն անի, մենք անգամ պահանջատեր չենք, երբ դա պետության պարտականությունն է, մենք արդեն դրա համար հարկեր ենք վճարել, բայց չենք ընդվզում, որ մեր քաղաքը մաքուր չէ, բարեկարգ չէ։
Փորձի գերմանացուն կամ շվեդին ասել, թե այս գործարքը եկ այնպես անենք, որ մեզ ավելի շատ փող մնա՝ պետությանը հարկ պակաս վճարելու հաշվին, նա առնվազն կհրաժարվի, իսկ եթե համառես, ապա կզանգի ոստիկանություն։ Իսկ նման վարքագծի բացատրությունը շատ պարզ է․ նա թույլ չի տա աղքատացնել իր պետությունը, անգամ իր հարստանալու հաշվին։ Չէ՞ որ նա ընտրությունների միջոցով իշխանության է բերել ամենաարժանավորին, ու նա ամեն մի շարքային քաղաքացուց լավ գիտի, թե գոյացած գումարով ճանապարհը՞ պետք է բարեկարգեն, դպրո՞ց կառուցեն, թե՞ հիվանդանոց։ Բայց անկախությունից հետո մենք շանս ունեինք մեր քաղաքացու համար իր երկիրը կերտելու, բայց, փոխարենը բախվեցինք մի խնդրի, որ ընտրությունները կեղծվեցին, բյուջեն թալանեցին։ Մի խոսքով մեր իսկ իշխանությունը իր գործելաոճով ու պետական մտածողությամբ օտարից չէր տարբերվում, ինչի պատճառով մեր երկիրը դարձյալ մերը չէր, ու դարձյալ հարկերը թաքցնել ենք օտար իշխանությունից։ Բայց եղավ հեղափոխություն, ու ոնց որ թե որական փոփոխություն պետք է ունենայինք, այլապես ինչի՞ համար էր դա, ժողովրդի ընտրյալ իշխանությունը պետք է լիներ արդյունավետ ու արդար կառավարիչ։
Այս երկուսը եթե զուգակցված չէ, ապա դրական ոչինչ չենք ունենա։ Գրոշի արժեք չունի արդյունավետ, բայց անարդար կառավարիչի արած գործը, կամ էլ անարդյունավետ, բայց արդարի։ Իրականում ի՞նչ տեսանք։ Այն, որ այս իշխանություններն արդյունավետ կառավարիչներ չեն՝ ակնհայտ է ու բազմիցս խոսվել է այդ մասին ու դեռ խոսվելու է ու հիմնավորումներ բերվելու, բայց այսօր կենտրոնանանք արդար կառավարիչ լինելու հանգամանքի վրա։ Ինչպե՞ս պետք է շարքային քաղաքացին հավատա իշխանությանը, երբ տեսնում է, որ անգամ համավարակի ժամանակ, երբ տնտեսությունը շոշափելի անկում է գրանցել, երբ չգիտենք, թե վաղը մեզ ինչ է սպասվում, իշխանությունները շարունակում են իրենց պարգևավճարները տեղը-տեդին ստանալ։
Եթե Փաշինյանը մեզ համոզեր, թե ինչ ծանր բեռի տակ են մտած մեր նախարարները, որ լուծում են այնպիսի լրջագույն հարցեր, որ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների վիճակը կթեթևանա դրանից, ես ինքս կպահանջեի, որ նախարարները ոչ թե 3000 դոլար ստանան, այլ առնվազն 10․000 դոլար, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեն, չէ՞ որ իրենք ընդամենը մի քանի հոգի են, բայց լուծելու են մի քանի հարյուր հազար մեր քաղաքացիների հարցերը։
Բայց սա չի ասվում վարչապետի կողմից ու ցույց չի տրվում նրանց արած կարևոր գործը, եթե անգամ մեզ համար նկատելի չէ, այլ ասվում է, որ եթե չվճարենք մեծ գումարներ, ապա կգողանան կամ կթաղվեն կոռուպցիայի մեջ։ Այսինքն, մեր երկրում հեղափոխական թիմում չկա գեթ մեկը, որ կհամաձայնի նախարարական բարձր աշխատավարձով աշխատել առանց բարձր պարգևավճարի ու չգողանա՞լ, այն էլ պանդեմիայի պարագայում։ Պարզվում է այդպիսին չկա մեր ողջ երկրում, քանի որ վարչապետը չի գտնում կամ գուցե չի ցանկանում գտնել։ Այսինքն` շարքային քաղաքացուն ասում ենք, որ մեր իշխանական ու հանրային վերնախավը կա՛մ գող են, կա՛մ էլ պոտենցիալ գող, որ եթե փայը չտանք կգողանա՞։ Այս կե՞րպ ենք մեր շարքային քաղաքացուն բացատրություն, որ սա իր իշխանությունն է, որ սա իր պետությունն է, որ ինքն է տերը այս երկրի, երբ պետք է կաշվից դուրս գալով հարկեր վճարի, որպեսզի գցեն իր իսկ կողմից ձևավորված ժողովրդական իշխանության կառավարիչների բերանը, որ չգողանա՞ն։
Այ սա չի հասկանում Փաշինյանը, թե իր այս քայլով ինչ հրեշավոր հարված հասցրեց մեր հանրության գիտակցությանը, նրա պետական մտածողությանը։
Իսկ հասարակ ժողովուրդը, կարծում եմ, մի բան չի հասկանում, որ այսպես երկար շարունակել անհնար է, որ մեր երկիրն ու մեր ժողովուրդն այդ ռեսուրսը չունի, որ դիմանա այս դիլետանտ իշխանությանը, որը մեր երկրի զարգացման ոչ մի ծրագիր էլ չունի, այլ միան մտածում է, թե որտեղից գումար քերի, որ իր թիմով մեջ-մեջ անի։ Ու կապ չունի՝ ներսից կլինի, թե դրսից, հասարակ ժողովրդից, թե վարկ կվերցնի ու այդ բեռն էլ կծանրացնի այդ նույն հասարակ ժողովրդի ուսերին։
Վարդգես Սարգսյան