Պայթեց իշխանության հերթական փուչիկը
ՎերլուծությունԱյսօր ամբողջ օրվա ընթացքում ԱԺ-ում քննարկվում է և վաղն առավոտյան քվեարկելու է ՍԴ դատավորների թեկնածուներին։ Քննարկումներն ու քվեարկությունները, իհարկե, ձևականություններ են, քանի որ խորհրդարանը վավերացնելու է այն որոշումները, որոնք կայացվել են ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
ՍԴ դատավորների թեկնածուներից ամենախորհրդանշականը Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն է, ում առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ Ֆորմալ առումով դատական համակարգը, իհարկե, անկախ է իշխանության մյուս, այդ թվում՝ գործադիր իշխանությունից, բայց ԱԺ-ի այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ Խունդկարյանի թեկնածության առաջադրումը համաձայնեցվել է իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Խունդկարյանի թեկնածության քննարկման ժամանակ կամ ընդհանրապես դիրքորոշում չհայտնեց, կամ իշխանական պատգամավորները Խունդկարյանի մասին խոսեցին դրական ելևէջներով, ինչից ակնհայտ դարձավ, որ նա իշխող խմբակցության կողմից ընտրվելու է ՍԴ դատավորի պաշտոնում։ Պետք է արձանագրել, որ իշխանության կողմից Խունդկարյանի ընտրությունն իրականում մեծ ռումբ է նույն իշխանության, հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Բանն այն է, որ նրա ընտրությամբ հերքվելու է այն քարոզչական միֆը, որը հենց Փաշինյանը նախկին իշխանության դեմ պայքարի շրջանակներում կիրառել է տարիներ, տասնամյակներ շարունակ։
Ընդդիմադիր լրագրող, ապա՝ պատգամավոր ու քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ հասարակությանը համոզել է, որ Հայաստանի դատական համակարգն ամենակոռումպացված, ամենահանցավոր համակարգն է, որ դատարանները կեղեքել են քաղաքացիներին, ոտնահարել են մարդու իրավունքները, և այլն, և այդպես շարունակ։
Եթե ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանն իրավացի էր, ապա պետք է ընդունենք նաև, որ այդ ամենի համար մեծագույն պատասխանատվություն է կրում Երվանդ Խունդկարյանը, ով նախորդ երկու իշխանությունների օրոք բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել դատական համակարգում, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2018 թվականից, եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ Եվ այսօր՝ որպես ՍԴ դատավոր ընտրելով Երվանդ Խունդկարյանին, գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն խոստովանում է, որ տարիներ շարունակ իր կողմից թմբկահարված կոռումպացված դատական համակարգի մասին թեզը եղել է կեղծ ու մանիպուլյատիվ, հակառակ պարագայում այդ նույն իշխանությունը ներբողներ չէր ձոնի «կոռումպացված դատական համակարգի» հայրերից մեկին ու չէր ընտրի նրան ՍԴ դատավորի պաշտոնում։
Այլ կերպ ասած՝ Խունդկարյանին ընտրելով՝ իշխող մեծամասնությունը մեծագույն նվեր է մատուցում նախկին իշխանություններին՝ մաքրելով այդ իշխանությանն ընդդիմության կողմից առնվազն դատական համակարգի վերաբերյալ տարիներ շարունակ մանիպուլյատիվ հակաքարոզչության միջոցով հասցված խարանից։
Սոնա Երիցյան