Անսկզբունք և իրավիճակային Նիկոլը
ՎերլուծությունՄի քանի դիտարկում ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական անհասկանալի վայրիվերումներից։
Ապացուցման կարիք չունի այն պարզ իրողությունը, որ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ ունեցել են և ունեն բարոյական ինչ-որ պատկանելիություններ, սկզբունքներ, խաղի կանոններ, որոնց հիման վրա ուրվագծվել է նրանց քաղաքական վարքագիծն ու գործունեությունը։ Յուրաքանչյուրը, ըստ իր պատկանելիության, ինքն իր համար սահմանել է կարմիր գծեր ու արգելքներ, որոնք չի կարելի խախտել և շրջանցել։
Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի բարոյական պատկանելիությունը։ Ըստ էության՝ Փաշինյանը չունի և չի էլ կարող ունենալ սկզբունքներ ու խաղի կանոններ, նա ապրում է առանց բարոյական իմպերատիվների։ Նրա գլխավոր շարժիչ ուժը նպատակի գոյությունն է և դեպի այդ նպատակը առկախված զորեղ կամքը։
Այսինքն, ի հակադրություն բարոյականության բացակայության, նա օժտված է կամային լուրջ հատկանիշներով և հանուն իր նպատակների կանգ չի առնում ոչնչի առջև։ Նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե թիրախը խոցվի և չեզոքանա։ Այլապես անբացատրելի ու չմեկնաբանովող են այն արտահայտություններն ու հրապարակային հայտարարությունները, որոնց ականտես ենք լինում վերջին երկու օրերին ընթացքում։
Ինչպե՞ս կարող է մարդը մեկ այլ մարդու հետ հուշագիր ստորագրի, իսկ որոշ ժամանակ անց այդ նույն մարդուն մեղադրի 40 տարվա վաղեմության հանցագործության մեջ։ Իսկ ստորագրման պահին Նիկոլը չգիտե՞ր, իհարկե գիտեր, պարզապես կեցությամբ պարտադրված հեղհեղուկ պրագմատիզմն ու բարոյական կոդեքսների բացակայությունը թույլ են տալիս դիմել ցանկացած քայլի։ Չէ՞ որ առջևում է այն վեհ նպատակը, հանուն որի չարժե կանգ առնել որևէ զազրելի և տմարդի արարքի առջև։
Լաուրա Ղազարյան