Գեոպոլիտիկ նշանակության հեռախոսազանգ Կրեմլում
ՎերլուծությունՕրերս Կրեմլը տեղեկություն տարածեց, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, հանգամանալից քննարկվել է արցախյան գոտում պատերազմը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում:
Տեղին է նշել, որ Թուրքիայի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, թե առայժմ չկան Էդրողանի հետ բանակցությունների ծրագրեր, ամեն ինչ կախված կլինի անհրաժեշտությունից: Փաստացի Պուտինն ու Էրդողանը 18 օր չէին զանգահարում միմյանց, ըստ երևույթին, սպասելով, թե ով է առաջինը զգալու զանգահարելու անհրաժեշտություն․ դատելով իրավիճակից` այդ անհրաժեշտությունն առաջինը զգացել է Էրդողանը, և դա տեղի էր ունեցել այն դեպքից հետո, երբ ռուսական օդուժը հարվածեց Իդլիբի ճամբարին։ Կասկածից վեր է, որ այդ զանգը գործնականում առաջին հերթին «թելադրել» է հայկական բանակը, որ թույլ չի տվել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորմանը հասնել ռազմական այնպիսի հաջողության, որը թույլ կտար թելադրել քաղաքական պայմաններ: Այստեղ հատկանշական է քաղաքական ֆոնը, որի պայմաններում հնչել է Էրդողանի զանգը:
Փաստացի, մոսկովյան հրադադարի նախաձեռնության անիրագործելիությանն ի պատասխան` Ռուսաստանը աշխուժորեն խաղի մեջ մտցրեց Շոյգուին, որը խոսեց թուրք նախարար Աքարի, հետո Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ:
Զուգահեռ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը` հայտնելով Հայաստանի տարածքում Ադրբեջանից զինտեխնիկայի թիրախավորման մասին, հայտարարեց, որ Հայաստանը մինչ այժմ ձեռնպահ է մնացել որևէ կրակ վարելուց, սակայն այդ թիրախավորումից հետո իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում խոցել ադրբեջանական ռազմական թիրախները: Դա էապես փոխելու է իրավիճակը և փաստացի ստեղծելու է Ռուսաստանի ռազմական միջամտության իրավական հիմք և հրամայական: Պեսկովը հայտարարեց, թե ռուս զինվորականներն ուսումնասիրում են Հայաստանին հարվածելու տեղեկությունը:
Զուգահեռ, Լավրովը ռուսաստանյան ալիքներին հարցազրույցում հայտարարեց, թե Թուրքիային երբեք չեն որակել որպես ռազմավարական դաշնակից, այլ գործընկեր, որը տեղ-տեղ նաև ռազմավարական է: Ստեղծված իրավիճակում աներկբա է, որ հարավկովկասյան տարածաշրջանն իր տուրբուլենտությունը դեռևս կպահպանի առաջիկա շաբաթների, անգամ ամիսների ընթացքում։
Անի Ավագյան