Մենք ու խաղաղապահները
Ուշադրության կենտրոնումՆախօրեին Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում թեժացրել է կրքերը: Փաշինյանը նշել է, որ Երևանը դեմ չէ ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ միաժամանակ ավելացնելով, որ այդ հարցում Ադրբեջանը հազիվ թե ունենա նույն մոտեցումը: Ըստ էության՝ խաղաղապահների թեման անշուշտ շատ նուրբ և զգայուն թեմա է՝ հատկապես նկատի ունենալով այն, որ խաղաղապահները այլ բան չեն, քան աշխարհաքաղաքական ազդեցության գործիքակազմի մի բաղադրիչ: Մյուս կողմից, սակայն, այդ հանգամանքն ինքնին պետք է հիմք տա խորհելու, որ դա իր հերթին նաև Հայաստանի համար է արտաքին քաղաքական աշխատանքի հնարավորություն, առնվազն մարտավարական իմաստով՝ ստեղծված բարդ և ծանր պատերազմական իրավիճակում գործընկերային արդյունավետ միջավայր կառուցելու համար: Ի վերջո, մարտական թեժ գործողություններին զուգահեռ՝ ակնառու է, որ ոչ պակաս թեժ է նաև դիվանագիտական-քաղաքական դաշտում: Եվ ինչպես մարտի դաշտում են կայացվում մարտավարական նշանակության որոշումներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ նահանջ կամ պարտություն՝ ի դեպ, մենք այս օրերին անցանք մի այդպիսի մթնոլորտով, այդպես էլ դիվանագիտական-քաղաքական դաշտում կարող են արվել հայտարարություններ, քննարկվել թեմաներ, մեխանիզմներ, որոնք օնլայն ռեժիմում դիտարկելիս հնարավոր է բարձրացնել տագնապի տիեզերական աղմուկ, բայց որոնք կարող են միջնաժամկետ հեռանկարի համար ստեղծել քաղաքական էֆեկտների հեռանկար կամ պարարտ հող: Քաղաքական-դիվանագիտական դաշտում ճկունության անկարողությունը կամ բացակայությունը ընդամենն ավելացնելու է Հայաստանի ռազմուժի վրա առանց այդ էլ եղած ծանր բեռը: Մինչդեռ քաղաքականության և դիվանագիտության նպատակը պետք է լինի այդ ռազմական ծանրությունը թեթևացնելը և հնարավորինս չեզոքացնելը՝ իհարկե, նույն ռազմուժի հետ համաձայնեցված:
Անդրանիկ Կիրակոսյան