Իրանն արդեն հանդուրժել է. Էրդողանը սահմանի վրա է
ՎերլուծությունԻրանի տարբեր պաշտոնյաներ, դիվանագետներ պարբերաբար հայտարարում են, որ Իրանը չի հանդուրժի իր հյուսիսային սահմանների հարեւանությամբ ահաբեկիչների, նաեւ պատերազմական գործողության հետեւանքներ Իրանի սահմանին՝ արկերի, անօդաչուների տեսքով:
Թեհրանի այդ հայտարարությունների հասցեատերը Թուրքիան ու Ադրբեջանն են, որոնք սկսել են ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ, թեեւ Թեհրանը դիվանագիտորեն կոչ է անում երկու կողմերին։
Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ ու դարձյալ խոսել ահաբեկիչների մասին: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ խոսքերը որեւէ ազդեցություն չունեն Էրդողանի համար: Եվ Ադրբեջանի համար էլ որեւէ ազդեցություն չունեն խոսքերը, թե Իրանը չի հանդուրժի:
Որովհետեւ Թեհրանն արդեն հանդուրժել է: Ահաբեկիչներն արդեն նրա հյուսիսային սահմանին են, իսկ ադրբեջանական զինուժը արդեն իսկ ռազմական գործողություններ իրականացնում է «ծածկվելով» Իրանի սահմանով: Հայաստանի դեմ պատերազմ սկսած Թուրքիան ու Ադրբեջանը, եւ դրա տեխնոլոգիական հովանավորներից մեկը՝ Իսրայելը, զուգահեռ ստուգում են Իրանի դիմադրունակությունն ու զգոնությունը: Դա ակնառու է:
Եվ Իսրայելի հետ Հայաստանի հարաբերության կարգավորման փորձի համար Թեհրանում ՀՀ դեսպանատան դեմ ցույց կազմակերպվող Իրանում որեւէ բան չի կազմակերպվում երկրի հյուսիսային սահմանին սպառնալիք կուտակող Թուրքիայի, Ադրբեջանի դեմ:
Իրանն ու Ռուսաստանը հույս ունեն պայմանավորվել Էրդողանի հետ: Պայմանավորվածություն առայժմ ստացվում է, պարզապես իրենց կարմիր գծերի հանդեպ Էրդողանի հանդգնությունը հանդուրժելու հարցում: