Հարավային Կովկասի էսկալացիան կհանդարտվի՞
ՎերլուծությունՆախօրեին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ․ այս մասին հայտարարություն տարածեց ռուսական կողմը՝ հայտնելով, որ հանգամանալից քննարկվել է իրավիճակը Արցախում:
Բավականին կարճ այդ հաղորդագրությունը նախ ուշադրության է արժանի այն հանգամանքի բերումով, որ նոյեմբերի 1-ին Փաշինյանի հետ զրույցի մասին փաստորեն հրապարակվում է նոյեմբերի 2-ին՝ Ալիևի հետ Պուտինի զրույցի հետ «փաթեթով»: Ըստ էության՝ այս ամենը թույլ է տալիս մտածելու, որ երկու հեռախոսազրույցները ունեցել են, այսպես ասած, փոխազդեցության տրամաբանություն և կապակցվածություն, ու այն, որ դրանց մասին տեղեկությունը հրապարակվել է և փաթեթով, գուցե հիմք է եզրակացնելու, որ Պուտինն այդ զրույցի ընթացքում արձանագրել է ինչ-որ արդյունք: Հակառակ դեպքում ուղղակի նա չէր հանրայնացի պատերազմող երկու կողմերին բանակցային գործընթացի սեղան վերադառնալու ևս մեկ անհաջող փորձի մասին: Ասել կուզի՝ Պուտինի ինչի՞ն է պետք ցույց տալ ևս մեկ կամ հերթական անգամ, որ ինքն այլևս Կովկասում հարց լուծող չէ, որովհետև Բաքուն՝ Անկարայի հովանավորությամբ, արհամարհած ունի Ռուսաստանին:
Միաժամանակ, մյուս կողմից՝ իսկ ո՞րն է եղել կամ կարող էր լինել Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հեռախոսազրույցի արդյունքը: Այդ համատեքստում մյուս ուշագրավ հանգամանքը թերևս այն է, որ հեռախոսազրույցները հաջորդել են հայ-ռուսական մեծ պայմանագրի շրջանակում ռազմական փոխօգնության հարցը քննարկելու ՀՀ վարչապետի նախաձեռնություն-նամակին, որ ուղղվել է ՌԴ նախագահին, և որի առնչությամբ սկսվել են հայ-ռուսական խորհրդակցություններ: Ընդ որում, Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը չի սպառնում Հայաստանին, և ՌԴ-ն չունի միջամտության անհրաժեշտություն: Այդ հայտարարությունը հուշում է, որ Ալիևին այդուհանդերձ անհանգստացրել է ՌԴ միջամտության հանգամանքը:
Պուտինը հեռախոսազրույցով հանգստացրե՞լ է Ալիևին, թե՞ հայտնել, որ անհանգստությունը հիմնավոր է, եթե Ալիևը շարունակի Էրդողանի հովանու ներքո արհամարհել իրեն: Բայց Ալիևը փաստորեն շարունակում է այդ արհամարհանքը:
Անի Ավագյան