Ո՞վ կփոխարինի էկոնոմիկայի նախարարին
ՎերլուծությունՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ևս կլքի կառավարությունը: Նա հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 23-ին։ Այս մասին ասել է նախկին նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Այն, որ Խաչատրյանը ևս ասոցացվում էր նախկինների հետ ու վաղ թե՝ ուշ պետք է լքեր իր աթոռը, սպասելի էր, բայց ուշագրավ է, որ նույնիսկ Հայաստանին բաժին հասած տեքտոնական ցնցումից հետո նա մինչև վերջին օրը, հոգու խորքում հույս է փայփայել, որ գուցե իրեն այս անգամ էլ կխնայեն: Հավանաբար այդ պատճառով է այնքան սպասել, մինչև հրաժարական ներկայացնելու հերթը իրեն էլ հասնի և անհատապես ասեն, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից:
Թեև այս պաշտոնանկություններն ու նոր նշանակումները շատ բան չեն կարող փոխել ո՛չ կառավարման համակարգում, ո՛չ էլ նոր ծրագրեր կյանքի կոչելու հարցում, բայց ֆորմալ նպատակ հետապնող պաշտոնանկությունների այս շքերթը զուտ ուսումնասիրության առումով է հետաքրքիր:
Խնդիրն այն է, որ նոր նշանակված պաշտոնյաներն իրենք էլ գիտեն, որ խիստ սահմանափակ ժամանակ ունեն ինքնադրսևորվելու և ինչ-որ գործ անելու համար, բայց, ուշագրավն այն է, որ կադրերի ընտրության հարցը, որքան էլ զարմանալի է, կրկին նիկոլական ոճով է իրականացվում: Զարմանալի է նաև, որ կառավարությունն ուժեղացնելու փոխարեն դարձյալ ընտրվում են խոցելի անցյալ ունեցող թեկնածուներ, որոնք առաջին իսկ օրից կաշկանդված են լինելու և չեն կարողանալու համարձակ քայլեր իրականացնել:
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նոր նախարարի ընտրությանը, հուսանք, որ թեկնածուն, որը կնշանակվի՝ այս անգամ կունենա բավարար մենեջերական հատկություններ, քանի որ ներկա փուլում ամեն ինչից առաջ կարևոր է երկրի տնտեսության վերականգնման հարցը բարձրացնել ազգային անվտանգության մակարդակի, քանի որ ոլորտը պատասխանատու է երկրի կայունության և ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար:
Աննա Սիմոնյան