Փաշինյանական տարածության ու ժամանակի մասին
ՎերլուծությունԳուցե մի քիչ խոհափիլիսոփայական հնչի, սակայն իրականում այսօր մեզ հայտնի է ժամանակային երեք ձև` անցյալ, ներկա, ապառնի: Փաստացի` մեր անցյալը քանդուքարափ է, ապագան՝ անդուռ ու անլուսամուտ, իսկ ներկան` ո՛չ հատակ ունի, ո՛չ առաստաղ:
Բնության կողմից սահմանված ժամանակային այդ ձևերը խառնել և բաժանել է կամ ջնջել ու նորից է գրել Նիկոլ Փաշինյանի ձեռքը: Ներկայումս մենք գտնվում ենք ժամանակային նոր` չորրորդ չափման մեջ, որ մեկ անուն ունի` Նիկոլի ժամանակ ու Նիկոլի չափում: Ըստ էության նիկոլի ժամանակ Հայաստանը չունի սահմաններ, ադրբեջանցի զինվորն անարգել մտնում է Ստեփանակակերտ, Վարդենիսի, Սյունիքի, Տավուշի գյուղեր տիրոջ վստահությամբ:
Հավանաբար, ազատ և ժողովրդավարական երկիր ենք, և մեր դռները բաց են բոլորի առաջ, անգամ՝ մեր թշնամու, որի երեկ թափած արյունը դեռ չի չորացել, չի փոխանակել ռազմագերիներին և չի վերադարձնում մեր զոհերի անթաղ մարմինները: Դա այն նույն թշնամին է, որ անարգել գերեվարում է խաղաղ բնակիչներ Լաչինի միջանցքից: Հայաստանի սահմանամերձ գյուղերի դիրքապահներին հրահանգում է ետ քաշվել զբաղեցրած դիրքերից 800-1000 մետր, քանի որ դրանք ադրբեջանական տարածքներ են:
Չունենք բանակ, չունենք կառավարություն, որ գնան և ասեն` թուրք բորենի, «սա Հայաստանի պետական սահմանն է, իրավունք չունես ներս հրելու և վերջ»: Իրողությունն այն է, որ այսօր «Նիկոլի ժամանակն առանց Արցախ ժամանակ է», իսկ Հայաստանը «Շագրենու կաշվի» պես օր-օրի փոքրանում է` սեղմվելով թուրք-ադրբեջանական արյունոտ թաթերի արանքում: Հայ գյուղացին ստիպված է զենքը ձեռքին տունը հսկել ամեն վայրկյան սպառնացող թշնամու անարգել հարձակումներից կամ բեռները կապել ու գաղթել պապենական տնից: Իսկ Նիկոլի կեցվածքն է, թե՝ հայեր, հանգիստ ապրեք թուրքերի հետ դեմ-դիմաց, կողք-կողքի, քիթ-քթի Բերձորում և հարակից գյուղերում, Վարդենիսում և Սիսիանում, Նոյեմբերյանում ամեն տեղ, մեջ-մեջ ու իրար մեջ: Առևտուր արեք, գնացեք-եկեք, տվեք ու առեք: Մենք տալիս ենք, թուրքն առնում է, մենք չենք գնում, թուրքը գալիս է:
Այսպես հայտնվեցինք ժամանակային նոր չափման մեջ: Ըստ էության՝ Նիկոլի ժամանակ հայը պետք է ապրի գլխիկոր, խեղճացած, մեջքը ծալած, անանցյալ, աններկա ու անապագա. դրանք թուրքին ենք նվիրաբերել: Ամերիկաներում, ռուսաստաններում հայը պետք է խուսափի փողոց դուրս գալ եւ սրճարան գնալ, որ կողքի սեղանին նստած ադրբեջանցին հանկարծ նվաստացնելով չհռհռա վրան: Ալիևը հետևողականորեն պետք է ծաղրի Փաշինյանին, քամահրանքով վիրավորի հայերին, ու որևէ մեկը չպետք է պատասխան տա:
Նիկոլի ժամանակը չի տեղավորվում ժամանակային երեք ձևերի մեջ, Նիկոլի ժամանակը չորրորդ չափում է, որ մահվան ժամանակ է: Այդ մահվան ժամանակից մեզ կարող է դուրս բերել նույն ժամանակի մեջ հրողը միայն` պարզապես իր գնալով:
Կյանքի ու մահվան միջև բարեխոսող մեր եկեղեցին, գուցե առաջին անգամ, Մայր Աթոռի և Կիլիկիո Մեծի Տանն կաթողիկոսների շուրթերով երկրի ղեկավարին հորդորում է հեռանալ` իր հետ տանելով այդ մահվան ժամանակը, որպեսզի կարողանանք ապրել կյանքի ժամանակի մեջ:
Անի Ավագյան