Փաշինյանի «փուչ» այցը Մոսկվա
ՎերլուծությունԻնչպես հայտնի է՝ նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ բավականին մեծ ինտրիգ պարունակող Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որի փակ հատվածը տևեց ժամից ավել, այնուհետև կողմերը ընդունեցին համատեղ հայտարարություն։ Հիշյալ հայտարարության ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանին առանձնազրույցում Վլադիմիր Պուտինն ասել է․ «Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, և որոնք դեռևս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ»։
Այնուհետև համատեղ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հակամարտությունը լուծված չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չկարգավորված հարցերից մեկը, և չի հաջողվել լուծել ռազմագերիների փոխանակման հարցը։ Հավելենք, որ մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանն ակնարկել էր, որ առանց ռազմագերիների հարցի լուծման հնարավոր չէ լուծել հաղորդակցությունների հարցը, մասնավորապես Հայաստանի տարածքով, այնուամենայնիվ, նա ստորագրել է հայտարարության տակ, որով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ մասնավորապես` երկաթուղու և ավտոճանապարհների վերանորոգման և նորերի կառուցման հարցով։
Հստակ պետք է փաստենք, որ հիշյալ ճանապարհները պետք չեն Հայաստանին, չնայած ՀՀ կառավարությունը, Ալիևը և եռակողմ հայտարարության ռուս ապոլոգետները խոսում են ինչ-որ տնտեսական օգուտների մասին։ Այդ հաղորդակցությունները պետք են Բաքվին ու Անկարային, ցամաքային ուղիղ կապի հաստատման համար, քաղաքական հայտնի նպատակներով։
Մոսկովյան հանդիպումն ու դրան հետևած ճեպազրույցի ու առանձնազրույցների վերաբերյալ հաղորդագրությունները չափազանց խոսուն են և վկայում են շատ բանի մասին։ Թերևս կասկած չկա, որ եթե Մոսկվան չցանկանար, հայտարարությունը չէր ստորագրվի։ Հայ ռազմագերիների հարցը սերտորեն շաղկապված է այս խնդիրներին, այն դարձել է արդեն ոչ միայն Հայաստանի դեմ ռուս-թուրքական դաշինքի շանտաժի, այլև Մոսկվա-Բաքու դաշինքի ներսում որոշակի խնդիրների պարզաբանման լծակ։ Ըստ էության դրանք կապված են մասնավորապես Ղարաբաղում ռուս խաղաղարարների մանդատի ու Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ։
Բաքուն չի ստորագրել խաղաղապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը, միևնույն ժամանակ, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար անհրաժեշտ է Բաքվի թույլտվությունը․ ըստ Պուտինի՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է ըստ միջազգային իրավունքի։ Օդանավակայանի հարցը մնում է օդում, ինչպես նաև խաղաղապահների հարցը, «միջազգային իրավունքի տեսակետից»։ Միջազգային իրավունքը Մոսկվա-Բաքու դաշինքում իհարկե քողածածկույթ է, այստեղ բանավոր պայմանավորվածություններն իրացվում են Հայաստանին պարտադրված եռակողմ հայտարարությունների ու սպասվող պայմանագրերի ձևով։
Գերիների հարցը, ինչպես նաև Պուտինի ասած այլ «չլուծված խնդիրները» մնում են ռուս-թուրքական համաձայնությունների հաջորդ փուլերին, խաղաղապահները մնում են Հայաստանին պարտադրվող նորանոր պայմանագրերի դիմաց։
Անի Ավագյան