«Մեծ Թուրան»-ը իր հողերն է տեսնում Ռուսաստանում
ՎերլուծությունParuskg.info-ն գրում է, որ Թուրքական AHaber հրատարակությունը հրապարակել է «Թուրքական իշխանության» բաշխման քարտեզը: Քննարկելով ռուսական ԶԼՄ-ներում «վախի աճը», կապված Թուրքիայի կողմից «հինգ պետություն` մեկ ժողովուրդ» ծրագրի իրականացման հետ, ըստ որի` Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ընկնում են Անկարայի ազդեցության տակ, թերթը ներկայացրել է մի քարտեզ, որտեղ բացի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հինգ պետություններից թուրքական ազդեցության գոտու մաս է կազմում նաև Ռուսաստանի Դաշնության տարածքի մի մասը։
Ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը այդ առթիվ գրել է․«Տղե՛րք, սա գյուտ չէ, այլ «տղամարդու»՝ «իր խոսքի տեր տղամարդու» և «գործընկեր» Էրդողանի ծրագիրը: Պատերազմն անխուսափելի է, հարցը վերաբերում է պայմաններին և սցենարներին»։ Հիշեցնենք, որ այսպես կոչված «Մեծ Թուրանի» հայեցակարգը ենթադրում է մեկ պետության ստեղծում, որը կներառի աշխարհի բոլոր թյուրքական ժողովուրդներին ու տարածքները: Ծրագիրը անդրադառնում է ոչ միայն Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի թյուրքական ժողովուրդներին, այլ նաև Վոլգայի շրջանի, Հյուսիսային Կովկասի և Սիբիրի ռուսական տարածքներին, որտեղ ևս թուրք ժողովուրդներ են ապրում են: Բարեբախտաբար, այդ նախագիծը դեռ միայն տեսական է: Սակայն վերջերս որոշ լրատվամիջոցներ գրել են, որ «Մեծ Թուրան» ստեղծելու գաղափարը Անկարան սկսել է ակտիվորեն քննարկել թուրք-ադրբեջանական դաշինքի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հաջող ավարտից հետո:
Այնուամենայնիվ, դժվար թե այն խանդավառությամբ ընդունվի Կենտրոնական Ասիայում: Մյուս կողմից Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի այն փաստին, որ Անկարան կարող է պահանջել նաև Ղրիմը: Վերջերս մեկ այլ թուրքական հրատարակություն՝ Turkiye-ն, Ղրիմը անվանել է «հնագույն թյուրքական երկիր, որը անարդարացիորեն զավթել է Ռուսաստանը»:
Ի դեպ, «Մեծ Թուրանի» հրապարակված քարտեզը պետք է գրավի նաև Չինաստանի ու Իրանի ուշադրությունը, որոնց հողերը ևս ներառված են նոր կայսրության սահմաններում: Այնուամենայնիվ, նշենք, որ Թեհրանը արդեն իսկ մտահոգություն է հայտնել Անդրկովկասում Թուրքիայի հայտնվելու կապակցությամբ, իսկ նրա հնարավոր ներթափանցումը Կենտրոնական Ասիա կարող է լրջորեն գրգռել Պեկինում: Բայց առաջին հերթին այս ամենը պետք է անհանգստացնի Ռուսաստանի իշխանություններին:
Աննա Սիմոնյան