Հայաստանի անվտանգությանը որևէ վտանգ չի սպառնում
ՎերլուծությունԳյումրիում վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկայի ու զինծառայողների ակտիվ տեղաշարժ, ինչը քաղաքի բնակիչների շրջանում որոշակի անհանգստություն և հետաքրքրություն է առաջացրել։ Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ` պարզելու համար, թե որքանով է այդ տեղաշարժը վտանգավոր Հայաստանի անվտանգության համար և ինչ կապ ունի Գյումրիից 62 կմ հեռավորության վրա գտնվող Կարսում մեկնարկված թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ։
Փորձագետի խոսքով այդ տեղաշարժը որևէ վտանգ չի ներկայացնում։ «Այդ տեղաշարժը, բնականաբար, որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար։ Ես ենթադրում եմ, որ այդ զորաշարժը կապված է հենց Կարսում անցկացվող զորավարժության հետ։ Այսինքն, նախազգուշական միջոցառումներ, ինչպես նաև, օրինակ, ցուցադրություն կամ մեսիջների փոխանակում և այլն։ Այսինքն, դա հակառակ նպատակն է հետապնդում և չի կարող որևէ կերպ սպառնալ Հայաստանի անվտանգությանը։ Տեսականորեն Հայաստանի անվտանգությանը կարող է սպառնալ թուրք-ադրբեջանական զորավարժությունը, բայց ոչ դրա հանդիպակած կողմում ռուսական ռազմաբազայի զորաշարժը կամ դաշտային ելքերը։ Ինչպես գիտենք, հայ-թուրքական սահմանի անվտանգությունը և պահպանությունը իրականացնում են հենց ռուսական սահմանապահները ոչ թե հայկական զորքերը»։
Աննա Սայադյան