Պարտության ամբողջ պատասխանատվությունը կրում են ներկայիս իշխանությունները
ՎերլուծությունԻշխանությունները չեն շտապում բացահայտել տեղի ունեցածը: Պատերազմի ժամանակ խոսում էին դավաճանությունից, պատերազմից հետո ոչ ոք դրա համար պատասխան չի տվել: Ասում էին՝ Ջալալ Հարությունյանը կառողջանա, կխոսի, նա երեկ նոր պաշտոն ստացավ սակայն դավաճանությունների մասին ոչինչ չի խոսել: Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
— Պարոն Վրթանեսյան, շատերը նշում են, որ վերջին 2,5 տարում էլ քայլեր չարվեցին բանակում լուրջ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ: Ներկայիս իշխանությունները պարտության մեջ մեղադրում են նախկիններին, իսկ նախկինները՝ ներկաներին։ Արդյո՞ք պարտության ամբողջ պատասխանատվությունը ներկայիս իշխանություններն են կրում, թե նախկինները ևս մեղավոր են։
— Միանշանակ, պարտության ամբողջ պատասխանատվությունը կրում են ներկայիս իշխանությունները։
— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունները չեն շտապում բացահայտել տեղի ունեցածը: Պատերազմի ժամանակ խոսում էին դավաճանությունից, պատերազմից հետո ոչ ոք դրա համար պատասխան չի տվել: Ասում էին՝ Ջալալ Հարությունյանը կառողջանա, կխոսի, նա երեկ նոր պաշտոն ստացավ, սակայն դավաճանությունների մասին ոչինչ չի խոսել:
— Հայաստանի ներկայիս իշխանությունների համար դա շատ սովորական գործելավոճ է։ Ըստ պահի հարմարության, անհրաժեշտության տարբեր հայտարարություններ են անում։ Եվ իրենց սեփական հայտարարություններին տեր չեն կանգնում։ Դա նորություն չի և հանրահայտ փաստ է, որ իրենք երբեք իրենց ասածների համար պատասխանատվություն չեն կրում։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը դրա վառ օրինակն է։
— Կարծես այսօր բանակը բարոյալքվա՞ծ է: Բանակի շուրջ այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ են այսօրվա իշխանություններն իրենց առջև դրել բանակի առողջացման խնդիր:
— Ես չգիտեմ, թե այսօր բանակը բարոյալքված է, թե ոչ, նման բան ասել չեմ կարող։ Տրամաբանական է, որ այսպիսի ծանր պարտություն կրելուց հետո բարոյահոգեբանական վիճակը ծանր է լինելու։ Բայց վստահ պնդել չեմ կարող։ Բայց, հաշվի առնելով ներկայիս իշխանությունների մոտեցումները, հաշվի առնելով այն, որ պատերազմում զոհվածների ընտանիքները ամիսներով չեն կարողանում մահը ձևակերպել իրենց հարազատների, և ըստ էության, զոհվածների ընտանիքներից շատերը անտերության են մատնված։ Եթե բարեկամները, ծանոթները չեն օգնում, ապա պետական որևէ աջակցություն այդ մարդիկ չեն ստանում, նման դեպքեր շատ կան։ Կան նաև դեպքեր, երբ զոհվածին երկու ամիս առաջ հուղարկավորել են և երկու ամիս հետո նոր գրանցում են հիմնադրամում, որովհետև ՊՆ-ից ցուցակները ամիսներով չի գալիս և հիմնադրամ չի հասնում։ Այդ իրավիճակում բնական է, որ այդ մարդիկ, ովքեր իրենց գործի բնույթով պետք է պատրաստ լինեն իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի, պարզ է, որ իրենց զինակից ընկերների ընտանիքների հանդեպ այսպիսի ստոր, անպարկեշտ, անպատիվ վերաբերմունքը տեսնելով՝ բնական է, որ բացասաբար է ազդելու այդ մարդկանց վրա և նաև իրենց մոտիվացիայի վրա։
Անի Սիմոնյան