Մղձավանջի երեք տարի
ՎերլուծությունԻր ելույթներում, երբ Նիկոլը խոսում է բոլորի մեղավորության մասին, ապա դա ինչ-որ առումով ճիշտ է: Բոլորս ենք մեղավոր, որ նրան բերեցինք իշխանության ու վայելեցինք դրա դառը պտուղները: Դա մեկ և երկու՝ եթե 2018-ի ապրիլյան օրերին «Սերժին մերժելու» հետ մեկտեղ ճիշտ ժամանակին արձանագրեինք ու մերժեինք Նիկոլի ստերը՝ 2016-ի քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ հանրահավաքում ելույթ ունեցող կեղծ պապի ֆենոմենը, Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթը, որ տեսել էր միայն ինքը, ապա վստահաբար մեղավոր լինելու խնդրին չէինք բախվի: Մեղավոր էինք, որ ազգովի չընկալեցինք նիկոլական մանիպուլյացիան, ու չմերժեցինք այն՝ նրանից պահանջելով իրական բարեփոխումներ և զարգացումներ: Նաև մեղավոր էինք նրա համար, որ ազգովի չընկալեցինք ու չմերժեցինք հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու՝ նիկոլական կործանարար գործընթացը կամ ազգովի չընկալեցինք ու չմերժեցինք Արցախյան առաջին ազատամարտը 2018-ի «թավշյա» անվանյալ հեղափոխությանը ստորադասելու վտանգավոր անհեթեթությունը: Մեղավոր ենք բազմաթիվ այլ երևույթների վտանգավորությունը չգիտակցելու և որպես հանրություն չմերժելու համար:
Միանշանակ կարելի է չընկալումների այդ շղթան պայմանավորել նախկինների իշխանության ժամանակ տիրող անարդարություններով, անօրինականություններով և բազմաթիվ այլ հոռի երևույթներով, որ հասարակությունը դարձրել էին անհույս և անհեռանկար բազմությունների մեխանիկական միավորում: Եվ այդ ամենն էլ ստիպում էր, որպեսզի մարդիկ ապագա և երջանկություն փնտրեն հայրենիքից դուրս: Չընկալեցինք, որ թեկուզ ամենալուսավոր նպատակին հասնելու չպետք է կիրառվեն անընդունելի միջոցներ՝ չնայած մենք հպարտացել ենք մեր մշակույթով և հնադարյան ազգ լինելու իրողությամբ:
Ակնհայտ է, որ մենք միշտ հպարտացել ենք, որ այս կամ այն զորավարը հայ է, որ այս կամ այն արվեստագետն ու գիտնականը հայեր են, սակայն թե՛ 2018-ի ապրիլյան իրադարձությունների և թե՛ Նիկոլի վարչապետության առաջին երկու տարիներին չգտնվեց գիտնականների ու արվեստագետների մի այնպիսի բույլ, որ հասարակության համար լիներ հեղինակություն և ադեկվատորեն ընկալեր իրականությունը՝ մարդկանց զգուշացնելով քաղաքական սխալ գործողությունների անթույլատրելիության մասին: Եթե մենք այդ ամենն ազգովի ընկալեինք ու չանեինք բոլոր այն քայլերը, որ հետո հենց մեր կողմից ընկալվեցին որպես սխալներ, ապա չէինք լինի ազգովի մեղավորներ, ու Փաշինյանը հիմք չէր ունենալու արտահայտվելու համար, որ ինքը չէ թիվ մեկ մեղավորը: Այնպես որ Նիկոլն ունի բոլոր հիմքերը մեղքն իր վրայից գցելու և մեզ բոլորիս մեղավոր հանելու համար՝ դժբախտաբար:
Կարեն Սիմոնյան
Pressmedia.am