Հայաստանում կա ներքաղաքական թեժ պայքար
ՎերլուծությունՀայկական կողմը ներկա փուլում կարծես շեշտադրումը դնում է Արցախի կարգավիճակի ճանաչման, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու վրա։ Այսինքն, կարևորվում է այն հարցը, որ Արցախը ճանաչվի տարբեր երկրների կողմից։ Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադայանի հետ` պարզելու համար, թե ինչ զարգացումներ են հնարավոր։
— Պարոն Բադալյան, դուք ի՞նչ զարգացումներ ու հնարավորություններ եք տեսնում։
— Ես զարգացումներ և հնարավորություններ տեսնել չեմ կարող, որովհետև այդ զարգացումները և հնարավորությունները կախված են, իհարկե, Հայաստանից, բայց ոչ միայն Հայաստանից, այլ, ընդհանրապես, աշխարհաքաղաքական միջավայրից։ Բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանը հետևողականորեն և պարբերաբար պետք է կարգավիճակի հարցը բարձրացնի, ինչպես նաև կարգավիճակի հարցի շրջանակում Արցախի տարածքների դեօկուպացիայի։ Եվ այս քաղաքականությունը պետք է լինի հայկական պետականության քաղաքականության առանցքում և այստեղ մենք, իհարկե, մեզ առանցքային հարթակ պետք է դիտարկենք Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Այդ տեսանկյունից այսօր էլ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանի համար այդ ձևաչափը շարունակում է մնալ առաջնահերթություն որպես միջազգայնորեն միակ միջնորդական ճանաչված ձևաչափ և Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ աշխատել։ Սա նվազագույնն է, որ Երևանը պետք է անի, իսկ առավելագույնին հասնելու համար, իհարկե, պետք է աշխատել թե դիվանագիտական ճակատում, թե նաև ընդհանրապես մեր պետական ներուժը բարձրացնելու, պետական արդյունավետությունը, պետական որակները բարձրացնելու ուղղությամբ։ Հայաստանի դիվանագիտության արդյունավետությունը էապես կախված է լինելու, թե Հայաստանը ինչպիսի արդյունավետության կհասնի տնտեսության, ինչպես նաև պաշտպանական բնագավառի վերականգման։
— Վերջին օրերին նախկին որոշ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, նաև տարբեր գործիչներ են ձերբակալվում։ Ի՞նչ զարգացումներ են սրանք։ Իշխանությունները վերջին շրջանում հայտարարել էին, որ թավիշին վերջ են տալու։ Սա տեղավորվո՞ւմ է այդ տրամաբանության մեջ։
— Ես չեմ կարող ասել, թե սա թավիշին վերջ տալու տրամաբանության մեջ տեղավորվում է, թե ոչ, որովհետև քրեական տարբեր գործեր հարուցվում են հեղափոխությունից ի վեր, տարբեր առիթներով և տարբեր փուլերով։ Ակնհայտ է մի բան, որ Հայաստանում կա ներքաղաքական թեժ պայքար իշխանության համար, արմատական ընդդիմությունը, որը առավելապես միավորվում է նախկին համակարգի հետ ասոցացվող և նախկին համակարգը ներկայացնող ուժերի շրջանակով, դրել է իշխանափոխության խնդիր և փորձում է հասնել դրան և այդ իմաստով գործում են՝ նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով, այսինքն առավելագույնը կոշտ արմատական տրամադրվածությամբ, հռետորաբանությամբ և նաև հնարավորինս թեժացնելու իրավիճակը թեժացնելու տրամաբանությամբ։ Սրան ի պատասխան նաև իշխանությունը պայքարում է իր դիրքերի համար և փորձում է համարժեք լինել այն հռետորաբանությանը և այն նշաձողերին, որ գնում է արմատական ընդդիմությունը։ Սա է ներքաղաքական դաշտում տեղի ունեցողը, որը իր արդյունավետությամբ և իր էֆեկտիվությամբ պետական շահի հետ գործնականում աղերս չունի և այս շրջանակում տարբեր քրեական գործեր, տարբեր իրավական գործընթացներ անմիջականորեն գործ ունեն, թե չունեն ես դրան պատասխանել չեմ կարող որովհետև հանգամանալից չեմ տիրապետում դրանց։ Ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ այս իրավիճակը էապես հարվածում է Հայաստանի արդյունավետությանը և դիմադրունակությանը այն հետագա քաղաքական գործընթացներով, որոնք որ դիտարկվում են թե Արցախի հարցում, թե, ընդհանրապես, ռեգիոնալ զարգացումների տեսանկյունից։ Եվ այդպիսի իրավիճակը, այդպիսի ապակառուցողական, դեստրուկտիվ լարվածությամբ թելադրված իրավիճակը Հայաստանը պարզապես դարձնում է արտաքին ազդեցության տեսանկյունից ավելի խոցելի։ Եվ այս իմաստով, կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի ներսում, դա կարող է շահեկան լինել միայն դրսում որևէ ուժին ձեռնտու չէ Հայաստանի ինքնիշխան և դիմադրունակ հնարավորությունը։
Կարինե Վրացյան
Pressmedia.am