Փաշինյանի հրաժարականը ոչինչ չի որոշում․ ցանկացած վարչապետ ստիպված կլինի խթանել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Վերլուծություն360tv.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անց կացնելու համար, բայց, նույնիսկ, եթե ընդդիմությունը հաղթի՝ նա ստիպված կլինի պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին «360tv.ru» -ին հայտնել է քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը:
«Փաշինյանից հետո կարող է իշխանության գալ նույն ինքը Փաշինյանը, քանի որ նրա հրաժարականը տեխնիկական բնույթ ունի, - նշել է փորձագետը,- և նրա հրաժարականը կապված է բացառապես Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների քարոզարշավի անցկացման հետ»: «Եթե խոսենք իրավիճակի մասին, ապա չկա երրորդ ուժ, որը կարող էր պահանջված լինել հայերի մեծամասնության կողմից: Ինչ վերաբերում է Փաշինյանի դիրքորոշմանը, ապա շատերի համար դա ավելի մեծ ու փոքր չարիքների միջև ընտրություն է, և չի կարելի ասել, որ Փաշինյանը հաղթելու շանս չունի: Նա շանսեր ունի, և դրանք բավականին լավն են», - նշել է քաղաքագետը:
Կալաչովը նաև նշել է, որ բոլոր խոսակցություններն այն մասին, որ Փաշինյանը արևմտամետ քաղաքական գործիչ է, չափազանց ուռճացված են: Ըստ նրա, այժմ Հայաստանում բոլոր կուսակցություններն են ռուսամետ: «Կա Վրաստանի օրինակը, որը դաս է բոլորի համար, երբ բոլորը ուրախացան, որ «Վրացական երազանք» ռուսամետ կուսակցությունը հաղթեց և ու ամեն ինչ լավ կլինի, իրականում պարզվեց, որ ամեն ինչ նույնն է, հաղթողները ունեն նույն արևմտամետ կողմնորոշումը ինչ նախորդները»,- ասել է նա:
Փորձագետը նշել է, որ ինքը կողմնակից չէ հայկական ուժերը ռուսամետ և հակառուսական բաժանելու հարցում: «Քաղաքականությունը պրագմատիկ բան է, ցանկացած հայ քաղաքական գործիչ ստիպված կլինի հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ Հայաստանի մեկուսացման և դաշնակից ունենալու անհրաժեշտության պատճառով, քանի որ, ի վերջո, հնարավոր է կորցնել նաև Ստեփանակերտը: Քանի դեռ Ղարաբաղի թեկուզ մի կտորում չկա ադրբեջանական բանակ, Հայաստանը այլ ելք չունի»,- եզրափակել է Կալաչովը:
Աննա Սիմոնյան
Pressmedia.am