Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Լեքսուս»–ի վարորդը կրակել է «Օպել»–ի վարորդի ուղղությամբ
Հասարակություն2021 թվականի հուլիսի 19-ին` ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ փողոցով դեպի Արցախի փողոց ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ արձակելու վերաբերյալ:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: