ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
ՄիջազգայինՌուս խաղաղապահները շարունակում են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի իշխանություններին տեղի բնակիչների խնդիրները լուծելու հարցում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման մասնագետներն արձագանքել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ղեկավարի խնդրանքին, որտեղ առանց խաղաղապահների կողմից անվտանգության ապահովման անհնար է սահմանազատման գծի մոտակայքում ջրային ուղիների տեղակայման ինժեներական աշխատանքներ իրականացնել:
«Այսօր ժամանել ենք Մաճկալաշեն բնակավայր՝ օգնություն ցուցաբերելու խողովակաշարի տեղակայման աշխատանքների իրականացման և բնակավայրում խմելու ջուր մատակարարելու սոցիալական հարցում: Տվյալ բնակավայրում խմելու ջրով կապահովվի ավելի քան 400 բնակիչ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:
Նշվում է, որ բոլոր հողային աշխատանքներն սկսելուց առաջ ռուս սակրավորները տեղանքի մաքրման աշխատանքներ են անում՝ ստուգելու պայթյունավտանգ առարկաների առկայությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը: