Պուտինի երկու «սայթաքումը» Էրդողանի հետ հանդիպմանը
ՎերլուծությունՀայաստանում Պուտին-Էրդողան հանդիպմանը ՌԴ նախագահի երկու արտահայտություն քննարկումների նյութ է դարձել։ 1․ «Ղարաբաղում իրավիճակի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստում է հաշտեցմանը տարածաշրջանում»՝ այսպես էր լուրը վերնագրել ՌԴ պետական ՌԻԱ գործակալությունը, թեեւ տեքստում նման մեջբերում Պուտինից չկա, այլ՝ «Ղարաբաղում Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում հաշտեցմանը»։ 2․ «Ռուս-թուրքական կենտրոնը ակտիվորեն գործում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմը վերահսկելու հարցում», ասել էր Պուտինը, որպես ՌԴ եւ Թուրքիայի՝ միջազգային ասպարեզում հաջող համագործակցության օրինակ։
Առաջին մեջբերման պարագայում իրականում հակասություններ չկան, ՌԴ ու Թուրքիայի միջեւ հայտարարված՝ «սիներգիայի սկզբունքով տարածաշրջանները հավասար կիսելու» (Լավրով, Չավուշօղլու) քաղաքականության տրամաբանությամբ։ Եթե Արցախի օկուպացված տարածքում ՌԴ առաջնորդությամբ ու համաձայնությամբ գործում է մօնիտորինգի ռուս-թուրքական կենտրոն, իրականության մեջ՝ հետախուզական կենտրոն, նշանակում է Թուրքիան ունի «ազդեցություն Ղարաբաղում»։
Ինչ վերաբերում է Ակնայի ռուս-թուրքական կենտրոնին, որն ըստ պաշտոնական ձեւակերպման «հսկում է հրադադարը Ղարաբաղում», ապա Պուտինը «Ադրբեջանի և Հայաստանի սահման» ասելով արձանագրել է իրողությունը․ իրականության մեջ այն ռուսական, թուրքական եւ «ադրբեջանական» կողմերի համար ծառայում է որպես ընդհանուր հետախուզման եւ մարտական կառավարման կենտրոն՝ հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, հարյուրավոր կիլոմետր ճակատով եւ օպերատիվ խորությամբ: Այս տարվա ամռանը ՀՀ սահմանների եւ Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ անօդաչուների թռիչքները կառավարվում էին այդ կենտրոնից։ Բացի այդ, Պուտինը հավանություն է տալիս Ալիևի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղ այլևս չկա։
Պետք է կենտրոնանալ ոչ թե Պուտինի «սայթաքումների», այլ Պուտին-Էրդողան հանդիպմանը Սիրիայից Արցախ «փոխզիջումների հասնելու կարողության» վերաբերյալ հայտարարությունների վրա։ ՌԴ-ն ու Թուրքիան այս ուղղությամբ պայմանավորվածությունների հարուստ փորձ են կուտակել, ինչը վճռական ազդեցություն է ունեցել Արցախում պատերազմի արդյունքների վրա։