Lragir.am-ը գրում է. 

Այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը դիմեց Մինսկի խմբին՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի իր առաջարկներով, Բաքուն Արցախում ռուսական զորակազմի առաջնորդությամբ անցավ հարձակման։ Մինսկի խմբի ներգրավումը նշանակում է կարգավիճակի եւ խաղաղապահների խնդիր, այսինքն՝ Արցախի խնդրի դուրսբերումը ռուս-թուրքական աքցանից։

ՌԴ ՊՆ-ն խոստովանեց եռակողմ հայտարարության խախտումը, մեկ օր անց հանեց դրա հետեւանքները վերացնելու պահանջը։ Այնուհետեւ ՌԴ ԱԳՆ-ն ու Կրեմլը հայտարարեցին եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման անհրաժեշտությունը։ ՌԴ ՊՆ առաջին հայտարարությունը հարկադրված էր, այս իրավիճակը հստակ մեկնաբանել է քաղաքագետ Սարո Սարոյանը Լրագրին տված հարցազրույցում։

Հայերը եւս մեկ անգամ կարող են համոզվել, որ եռակողմ հայտարարությունը չի վերաբերում Բաքվին, այլ ուղղված է հայերի դեմ։ Պուտինը հենց այդպես էլ հայտարարել էր՝ դրա խախտումն ինքնասպանություն կլինի հայերի համար։ Իրականում, դրա խախտումն ինքնասպանություն կլինի դրա հեղինակների, ռուս-թուրքական տանդեմի համար։ Փառուխում զինված դիմադրության առաջացրած շոկը դրա վկայությունն է։

Հայերը եւս մեկ անգամ կարող են համոզվել, թե ինչի հաշվին ու ինչի համար է ռուսական զորքն Արցախում՝ եռակողմ ձեւաչափը պահելու եւ հայկական հնարավոր դիմադրությունն ու նախաձեռնությունները չեզոքացնելու։ ՌԴ ԱԳՆ-ն հենց այդպես էլ հայտարարել էր՝ ռուսական զորակազմը գործում է եռակողմ հայտարարության շրջանակներում։

Պուտինը եւ Էրդողանը երեկ հայտարարեցին, որ Հայաստանը պետք է մնա եռակողմ հայտարարության շրջանակներում (մեկը փրկչական, մյուսը դահճի ավանդական դերերով)։ Իսկ նրանց գործիքը՝ Ալիեւը շտապեցրեց «խաղաղության պայմանագրի» հարցում։ Բաքվի ներկայացրած կետերը պարզապես կետեր չեն, այլ՝ 1921-ի Մոսկվա/Կարսի, 2020-ի ռուս-թուրքական ոճրի օրինականացման վերջնագիր հայերին՝ Թուրքիայի, «Ադրբեջանի» եւ Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության ճանաչմամբ։

Ինչ ունենք մենք։ Նիկոլ Փաշինյանը երեկ բավական համարժեք նկարագրեց իրավիճակը, սակայն այնպես, որ միակ ելքը համարի «խաղաղության պայմանագիրը»։ Ելք չտեսնող, վախկոտ ու անօգնական իշխանությունը պետք է հեռանա, առավել եւս ակնհայտ հնարավորությունների առկայության պայմաններում։

Արցախի իշխանավորներից մեկը հայտարարեց, որ այս ամենը Մեծ Բրիտանիայի ձեռքի գործն է, մյուսը՝ որ առանց ռուս խաղաղապահների Արցախ չկա։ Կրեմլի՝ հայկական ուղղությամբ մշակումների հեղինակներից մեկն էլ Բաքվին խորհուրդ տվեց հանգիստ սպասել Արցախի ընդունման-հանձնման ակտին։ Մոսկվայի ու Բաքվի միջեւ։

Հայ ռուսահպատակ մամուլը, քաղաքագիտությունն ու ագենտուրան շարունակում են ռուսական փրկչական սազանդարությունը ռուսական կտրվածքով շինծու հակաթուրքականությամբ։ «Ռուսները հիմա զբաղված են Ուկրաինայով, այնտեղ ավարտելուց հետո զբաղվելու են թուրքերով»՝ հայ հանրությունը զգալի մասով հակված է, ուզում է հավատալ այդ հեքիաթներին, քան աչքի առաջ տեղի ունեցողին, իր պատասխանատվությանն ու ուժին, եւ արդեն 300 տարի սպասել ռուսին՝ իր հայրենիքի ու իր հայրենակիցների կյանքերի հաշվին։

Սա տարածքային ու մարդկային նոր կորուստների ճանապարհն է, որը սարերի հետեւում չէ։