«Ապրելու երկիրը» պատրաստ է ընտրություններին. Պահանջում են պահպանել օրենքը
Վերլուծություն«Ապրելու երկիր» կուսակցությունը միակն է, որ բարձրաձայնում է Երևանի քաղաքապետի հարցում օրենքի տառը պահպանելու անհրաժեշտությունը։
Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, նշել, թե Երևանի ավագանին մինչև ապրիլի 25-ը իր կազմից պետք է ընտրի քաղաքապետ, հակառակ պարագայում, պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ «Ակնհայտ է, սակայն, որ գործող իշխանությունը նախատեսում է ևս մի քանի ամիս կառավարել Երևանը՝ առանց քաղաքապետ, ինչպես հաճախ լինում է բազմաթիվ ոլորտներում։ Միևնույն է, տարբերություն չկա․ պաշտոնյայի բացակայություն, թե պաշտոնյայի անգործություն»,- նշել է Թանդիլյանը։
Նրա խոսքով, «ժողովրդավարության բաստիոնի ջատագովների» կողմից ժողովրդավարության և օրենքների ոտնահարումը դարձել է սովորական երևույթ, երբ օրենքները մեկնաբանվում և փոփոխվում են հանուն իշխանության պահպանման։ Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, քանի որ համոզվել է, որ օրինական եղանակով պարզապես անհնարին է վերարտադրվել ու փորձում է ժամանակ շահել և երկարաձգել իր իշխանությունը մեր մայրաքաղաքում։ Բայց մենք թույլ չենք տալու խլել Երևանի կառավարումը երևանցուց և ուզուռպացնել իշխանությունը։
Հիշեցնենք, փոխքաղաքապետ, ավագանու ընտրություններում «Քաղպայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանն օրերս հայտարարել էր, թե երկու-երեք ամսվա համար իմաստ չեն տեսնում նոր քաղաքապետը ընտրել կամ արտահերթ ընտրություններ անել։ Թե ինչո՞ւ ընդդիմադիր մյուս միավորները և գործող վարչախումբը չեն պահանջում պահպանել օրենքը, դժվար չէ ենթադրել։
Մեծ հաշվով, «Ապրելու երկիրը» միակն է, որովհետև միայն այդ կուսակցությունն է, որ պատրաստ է հենց վաղն էլ մասնակցել ընտրություններին։ Գործող իշխանությունը հրաշալի գիտե՝ իր վարկանիշը 1-13 տոկոսից չի անցնում, ուստի միտումնավոր ժամանակ են ձգում՝ երկրում քաղաքական իրավիճակ փոխելու, սեպտեմբերին իրենց հնարավորություններն ավելացնելու համար։
Մեր տեղեկություններով, «Ապրելու երկիրը» ոչ միայն քաղաքական լուրջ աղմուկ է բարձրացնելու, այլև ընդհուպ իրավական եղանակներով փորձելու է պարտադրել իշխանությանը՝ պահպանելու օրենքի պահանջը։
Լուսինե Մանուկյան