Փաշինյանական վարչախումբը նոր արշավ է սկսել Ռուբեն Վարդանյանի դեմ
Վերլուծություն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականն առիթ էր գործող վարչախմբի հետ կապված որոշ քարոզիչների և լրատվամիջոցների՝ Արցախում դավադրություններ փնտրելու և ամբողջ մեղքն Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վրա բարդելու համար։
Վարդանյանը, հիշեցնենք, մոտ 10 օր առաջ Հակոբավանքից ուղիղ եթերում հայտարարել էր, թե իր և 7 այլ քաղաքական դեմքերի հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը խոստացել էր հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն կրկին խաբել։ Վարդանյանի կոշտ քննադատութունից Հարությունյանը չափազանց ազդվել էր, իսկ նրա «Ազատ հայրենիք» կուսակցությունը վիրավորանքներով լեցուն մի հայտարարություն էր տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։ Հարությունյանի պահանջով Ռուբեն Վարդանյանին նաև չէին հրավիրել Ազգային ժողովի հայտնի նիստին, այդ կերպ իբր Արցախի՝ արդեն նախկին նախագահը ցանկանում էր պատժել Ռուբեն Վարդանյանին, սակայն ինչպես ասում են, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», և Հարությունյանն այլևս Արցախի նախագահը չէ։ Որքանով հնարավորություն կունենա Արցախի անվտանգության և զարգացման ճակատը և նրա համակարգող Ռուբեն Վարդանյանն ազդել առաջիկա հնարավոր թեժ զարգացումների վրա, դեռ վաղ է խոսել, բայց այն, որ ճակատը վաղուց դարձել է Արցախի թիվ 1 ընդդիմադիր միավորը, որն օրակարգ է թելադրում և ոչ միայն Արցախի ներքին կյանքում, այլ նաև արդեն Հայաստանում, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում, որևէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս։
Հենց ճակատն էր, որ Արցախի իննամսյա շրջափակման պայմաններում, ի տարբերութուն վախվորած երկչոտ Հարությունյանի և նրա կողմնակիցների, կարողացավ վառ պահել պայքարի ոգին արցախցիների մոտ։ Ընդսմին բազմաթիվ նախաձեռնություններ իրականացրեց և շարունակում է իրականացնել՝ արցախցիներին համոզելով շարունակել պայքարը։ Այս ամենն իհարկե մտահոգում է փաշինայնական վարչախմբին, որոնք նույնիսկ այժմ Արայիկ Հարությունյանի հրաժարականից և նոր պետնախարար՝ ապագա նախագահի նշանակումից հետո, պետք է, որ իրենց հիմնական թիրախը դարձնեին Սամվել Շահրամանյանին, փոխարենը նախկինի պես, փաշինյանական սպասարկուների գլխավոր թիրախում հենց Ռուբեն Վարդանյանն է, ինչը վկայում է, որ առաջին հերթին հենց նրանից էլ վախենում են գործող իշխանությունները։
Մանե Սիրադեղյան