15։00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50243 անձ. Նազելի Բաղդասարյան
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 27-ի ժամը 15։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 50 243 անձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 12։00-ի տվյալներն ավելացել են 3000–ով։ Այս պահի դրությամբ շուրջ 5700 անձի համար կեցության հարց են հոգացել»,– ասաց Բաղդասարյանը։
Նա ընդգծեց, որ այս ժամի դրությամբ ևս 74 բուժառու տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Նրանց ընդհանուր թիվը կազմում է 311։
Բաղդասարյանը շեշտեց` դուրսգրված քաղաքացիներ չկան, բոլորը ստացիոնար բուժում են ստանում։
«Այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին ունեն կեցության խնդիր, այդ հարցը լուծվում է պետության կողմից։ Մնացած քաղաքացիները ուղորդվել են իրենց ընտրած կեցության վայրեր։ Հորդորում եմ, այնուամենայնիվ, հաշվառվել այն վայրերում, որտեղ հաստատվել են, քանի որ ՀՀ բոլոր մարզերում գործում են տարբեր խմբեր։ Հաշվառումը նրա համար է, որ հետագայում հումանիտար օգնությունը նպատակային օգտագործվի»,-ասաց նա:
Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց՝ ԱՍՀՆ-ի տվյալների համաձայն՝ 114 թեժ գծին ստացվել է 6900 զանգ: 4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատում է իրականացվել, լրացվել են հայտեր:
ԱՍՀՆ-ն գործարկել է նաև կամավորագրման համար հարթակ, որտեղ արդեն 660 հայտ կա լրացված: