ԼՂ-ն հին հայկական հող է, Ադրբեջանը ցեղասպանում է հայերին․ Բաքվում «գժված» են թուրք լրագրողի հոդվածից
ՎերլուծությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
European Conservative պարբերականը երեկ ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ նշված է, որ «Ադրբեջանը ռմբակոծել է Ղարաբաղի հայկական հիվանդանոցներն ու դպրոցները, իսկ համաշխարհային լրատվամիջոցները լռել են այդ մասին»։
Հոդվածի հեղինակը, ըստ Հաքին․ազ-ի, Վաշինգտոնում բնակվող ազգությամբ թուրք կին Ուզայ Բուլութն է:
Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, թե հայկական սփյուռքի հետ մերձեցումից հետո ամերիկյան լրատվամիջոցների հեղինակավոր խմբագրությունները գրկաբաց ընդունել են Բուլութին։
Նշվում է, որ The European Conservative-ի հրապարակումը այս լրագրողի առաջին հոդվածը չէ, որտեղ նա Ադրբեջանին մեղադրում է Ղարաբաղի հայերի նկատմամբ «ցեղասպանություն և էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ։
Բուլութը նման նյութեր է հրապարակում տարբեր հրապարակումներում, այդ թվում՝ Գեյթսթոուն ինստիտուտի կայքում, որը կապված է Միացյալ Նահանգների ծայրահեղ պահպանողական և իսլամաֆոբ շրջանակների հետ, խանդով նկատում է ադրբեջանական կայքը։
Gatestone ինստիտուտի կայքում նշվում է, որ Ուզայ Բուլութը ներկայումս հետազոտող է վերլուծական կենտրոնում, որտեղ նա հիմնականում կենտրոնանում է մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության, հակասեմականության և Մերձավոր Արևելքում կրոնական հակամարտությունների վրա:
Ինքը՝ Բուլութը, ավարտել է Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը և Անկարայի Բողազիչի համալսարանը։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց ի վեր նա պարբերաբար հրապարակումներ է արել այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են The Washington Times-ը, Christian Post-ը, Daily Caller-ը և Jerusalem Post-ը:
Հաղորդվում է, որ նախկինում լրագրողը հիմնականում քննադատել է Թուրքիային։ Նա, մասնավորապես, մեղադրել է իր հայրենիքին 1915 թվականին հայերի ցեղասպանություն իրականացնելու և հայկական եկեղեցիների ավերման մեջ։ Նա Սիրիայի հյուսիսում և Իրաքում քրդական PKK-ի դեմ թուրքական բանակի գործողություններն անվանել է «քրդերի էթնիկ զտում» և մեղադրել Անկարային։
44-օրյա պատերազմի ժամանակ գրված իր հոդվածներից մեկում Բուլութը գրել է, որ Ղարաբաղում «հայերի ցեղասպանությունը» կանխելու համար անհրաժեշտ է հրատապորեն ճանաչել Արցախի անկախությունը։
Այս տարվա օգոստոսին Modern Diplomacy-ում հրապարակված մեկ այլ հոդվածում թուրք հայտնի լրագրողը մեղադրել էր Ադրբեջանին և Թուրքիային «Ղարաբաղը շրջափակելու և տեղի հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ Մասնավորապես, լրագրողը գրել է, որ Ղարաբաղը երբեք չի պատկանել Ադրբեջանին և հին հայկական հող է։
«Ուզայ Բուլութի դեպքում այս լրագրողի պատկանելությունը Թուրքիային, դատելով նրա հրապարակումներից, վաղուց արդեն ձեւական բնույթ է կրում»,-ընդգծված չարությամբ եզրափակել է Հաքին․ազ-ը։