ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո:
Ինչպես նշված է Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում, այդ միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ, ըստ հաղորդագրության, այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:
Խորհուրդը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը առանց փոփոխությունների՝ ճանապարհ հարթելով կարգավորումների արագ ընդունման համար, եթե Եվրախորհրդարանը նույնպես այն հավանության արժանացնի առանց փոփոխությունների:
Կարգավորումը ժամանակավորապես կասեցնում է ներմուծման մաքսատուրքերը հայաստանյան ապրանքների մեծ խմբի նկատմամբ, այդ թվում՝ գյուղատնտեսական: Այն կգործի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի և կընդգրկի Հայաստանի թարմ պտուղ-բանջարեղենի ու բույսերի արտահանումների գրեթե 99 տոկոսը և խմիչքների, այդ թվում՝ ոգելից, արտահանումների ավելի քան 91 տոկոսը:
Միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն սատարել Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանափակումների ֆոնին, այլև ամրապնդել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան, նշված է հաղորդագրությունում:
«Արտոնյալ կարգավորումները պայմանավորված են մնում Հայաստանի կողմից ապրանքների ծագման գործող կանոնների պահպանմամբ, Եվրամիության հետ վարչական համագործակցության մեջ ներգրավվածությամբ, Եվրամիությունից ներմուծումների նկատմամբ առևտրային նոր սահմանափակումներից զերծ մնալով և CEPA-ի հիմնական տարրերը հարգելով՝ ներառյալ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները», - նշված է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերյան լիագումար նիստում իր դիրքորոշումը կարտահայտի այս կարգավորման նկատմամբ առանց փոփոխությունների, ինչից հետո Խորհուրդը հավանություն կտա, և կարգավորումը կընդունվի՝ ուժի մեջ մտնելով ԵՄ Պաշտոնաթերթում հրապարակման հաջորդ օրը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի սկզբին էր Երևանում ազդարարել՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել:
Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ