ՔՊ-ն իր համախոհների կոռուպցիոն ռիսկերի վրա աչք է փակում
ՎերլուծությունՕրերս տեղի ունեցած Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն թույլ տվեց հիշատակել ընդդիմադիր` «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանի հոր, իբրև թե, 4 քրեական գործով անցնելու մասին:
«Աննա Մկրտչյանը կոռուպցիայից ա խոսում, 11 գույք, որից 6-ը` անշարժ, 4 հողամաս, 1 շինություն ինքն ա հայտարարագրել, 14 գույք` հայրը, վրեն 4 հատ էլ քրեական գործ` կոռուպցիայով, եկել ա ստեղ կոռուպցիայից ա խոսում»,-վրդովված ներկայացրեց Սիմոնյանը:
Սակայն նրան և ՔՊ ոչ մի անդամի մոտ վրդովմունք չի առաջացնում պետության կարևորագույն պաշտոններից մեկում` ՆԳՆ տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արփի Սարգսյանի հոր` պետությունից, իսկ ավելի կոնկրետ Պաշտպանության նախարարությունից` 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ահռելի գումար հափշտակելու փաստը, ինչի համար վերջինս 2016 թվականին դատապարտվել է, սակայն դստեր Արդարադատության փոխնախարար դարձած ժամանակ «արդարացվել». հանրությունն այդպես էլ չիմացավ արդարացման հիմքը, քանի որ արդարացման այդ դատավճիռը, որպես «հույժ գաղտնի տեղեկատվություն», «Դատալեքս» կայքում փակ է:
Ինչևէ, մամուլը քանիցս գրել է, որ ժամանակին Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով և մատակարարելուց հետո պարզվել է, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: Նրա գլխավորած «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերությունը գործում էր 2005 թվականից և հիմնականում ծառայություններ էր մատուցել պետական և հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով:
Այստեղ են ասել` ձեր գերանը թողած, ուրիշի աչքի փուշն եք տեսնում:
Սպասենք, թե Ազգային ժողովի ամբիոնից` նույն հրճվանքով, երբ կբարեհաճեն հիշել նաև ՆԳՆ տեղակալին և նրա հորը: