Գործողությունը շարունակելու մտադրություն չկա. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:
«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», – նախազգուշացրել է Բաղերին:
Մինչդեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ Թեհրանը սահմանափակ գործողություն է իրականացրել և որ այն Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության ռմբակոծման մասշտաբով էր: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
«Մենք սահմանափակեցինք այս գործողությունը հնարավորությունների այն մասով, որն օգտագործեց սիոնիստական ռեժիմը մեր հյուպատոսության վրա հարձակվելու համար։ Այս գործողությունը սպասվածից ավելի հաջող էր: Հրթիռների խոցման մասին տեղեկատվությունը դեռ ամբողջական չէ, սակայն որոշ հարվածներ ցույց են տալիս, որ այս գործողությունը սպասվածից ավելի հաջող է անցել, և օկուպացված տարածքներում բնակվող ժողովուրդը, սիոնիստական իշխանությունները, ահաբեկչական սիոնիստական բանակը և Ամերիկան լավ ճանաչեցին և գիտակցեցին այդ հարվածների ջախջախիչ հետևանքները», – ասել է նա:
Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
«Սա շատ կարևոր ռազմավարական ձեռքբերում է», – ասել է նա առավոտյան մամուլի ասուլիսում:
Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի և նրա դաշնակիցների կողմից բոլոր 170 անօդաչու թռչող սարքերը և 30 թևավոր հրթիռները խոցվել են երկրի սահմաններից դուրս: Ոչ մի անօդաչու թռչող սարք կամ թևավոր հրթիռ չի կարողացել ներխուժել Իսրայելի օդային տարածք։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հեռահար «Arrow» հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է տապալել 120 բալիստիկ հրթիռների «ճնշող մեծամասնությունը», թեև մի քանիսը ներթափանցել են Իսրայելի պաշտպանությունը և հարվածել Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային:
Նևաթիմում «թեթև վնաս» է հասցվել ենթակառուցվածքին, սակայն ավիաբազան աշխատում է սովորական ռեժիմով, ասել է Հագարին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live