Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ գերիների դրությունը Բաքվում խիստ մտահոգիչ է։ Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը։
Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ըստ տեղեկությունների, այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ձերբակալվածներին ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել: Սակայն այս հանգամանքները որևէ կերպ լույս չեն սփռում Բաքվում հայ գերիների իրական դրության, նրանց իրավունքների պաշտպանվածության և անվտանգության ապահովման վրա:
Նախ անհրաժեշտ է նշել, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր ռազմագերիների և պատանդների փոխանակություն, սակայն Ադրբեջանը, ինչպես մյուս բոլոր պարագաներում, այս դեպքում էլ չի իրականացրել և դեռևս հրաժարվում է իրականացնել իր ստանձնած պարտավորությունը։
Ավելին՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը գերեվարել է հայկական բանակի զինծառայողներին՝ մեծացնելով Հայաստանի նկատմամբ ճնշումը։
Վերջին տարիների բանակցային գործընթացում Ադրբեջանը երեսպաշտորեն շարունակաբար մեղադրել է Հայաստանին նոյեմբերի 9-ի համաձայնագրի այս կամ այն կետերը խախտելու մեջ և այդ կեղծ մեղադրանքները վերածել առիթների նոր ռազմական գործողություններ սադրելու ու իր սադրանքներին նոր արդարացումներ գտնելու համար։
Հայ գերիների դրությունը Բաքվում խիստ մտահոգիչ է։ Ադրբեջանը, որն անգամ սեփական բնակչության նկատմամբ քաղաքական վանդալիզմի մեծ փորձ ունի, վստահաբար արմատապես խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը։ Մյուս կողմից Ադրբեջանն այն պետությունն է, որն անգամ արգելափակում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման ժամանակ՝ դրանով էլ ավելի խորացնելով հարուցված հումանիտար աղետը՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման քաղաքականության դրսևորումը»,- ասված է հայտարարության մեջ:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ապակառուցողական և մարդատյաց վարքը։
«Մենք պահանջում ենք ի թիվս այլ պարտավորությունների, ազատ արձակել Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ ապահովելով նրանց անվտանգ տեղափոխումը Հայաստան»,- ասված է հայտարարության մեջ։